Կալիֆորնիայի Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ուսուցման AB 1915 օրինագիծը
ԱՄՆ Կալիֆորնիայի Սենատը երեկ երեկոյան փակ քվեարկությամբ 36 կողմ, 0 դեմ ձայներով միաձայն ընդունել է AB 1915 բանաձևը: Ինչպես տեղեկացնում է Asbarez պարբերականը, բանաձևը նախատեսում է Հայոց ցեղասպանության ուսուցում՝ Կալիֆորնիայի դպրոցներում:
Կալիֆորնիայի նահանգային վեհաժողովի անդամ Ադրի Նազարյանի հեղինակած այս օրինագիծը մշակվել է 1985 թվականին ընդունված AB 1273 բանաձևի հիման վրա, որը ևս նախատեսում է Հայոց ցեղասպանության ուսուցում՝ սոցիալական գիտությունների ծրագրերում:
Հիշեցնենք, որ AB 1915 բանաձևը կրկին փակ քվեարկությամբ ընդունվել էր այս տարվա ապրիլ ամսին Կալիֆորնիայի նահանգային վեհաժողովի կողմից և փոխանցվել Սենատ: Այժմ բանաձևը ստորագրելու համար կներկայացվի նահանգապետին:
«ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունում է Կալֆորնիայի նահանգային սենատին,ներառյալ՝ սենատորներ Դե Լեոնին, Մարկ Ուիլանդին՝ ուսումնական այս կարևոր ուսումնական բանաձևն ընդունելու հարցում իրենց ցուցաբերած վճռականության և հաստատակամության համար, ինչպես նաև բանաձևի համահեղինակներ, համաժողովի անդամներ Ադրի Նազարյանին ու Քաչո Աչաճյանին՝ իրենց նվիրավածության և առաջնորդության համար»,-ընդգծել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևմտյան շրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը: