1389 դիտում
22:48 13-08-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Շիրակում ծանոթացել է արոտների ջրարբիացման համակարգերի շինարարության ընթացքին և դիտարկել գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի մի շարք համայնքներ, որտեղ մարզպետի տեղակալներ Սեյրան Պետրոսյանի և Հարություն Արշակյանի ուղեկցությամբ ծանոթացել է արոտների ջրարբիացման ծրագրի ընթացքին և դիտարկել գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերը:
Մինչ այդ նախարարն այցելել է Աշոցք, Ձորաղբյուր և Կարսար համայնքներ, որտեղ օգոստոսի 11-ին տեղացած կարկտի հետևանքով վնասվել էին ցանքատարածքներ: Այստեղ Սերգո Կարապետյանը եղել է կարկտահարված դաշտերում և խոստացել է հնարավորինս աջակցել գյուղացիական տնտեսություններին: Զրույցի ընթացքում գյուղացիներն առաջին հերթին խնդրել են նախարարին երկարացնել գյուղատնտեսական վարկերի մարման ժամկետները, վերանայել սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում ստացած սերմերը վերադարձնելու, ինչպես նաև գարնանացան գարու և աշնանացան ցորենի սերմացուների տրամադրման հարցերը: Նախարարը նշել է, որ տուժած յուրաքանչյուր տնտեսությանը ցուցաբերվելու է անհատական մոտեցում` կապված վնասի իրական չափերից:
Այնուհետև նախարարն այցելել է Ծաղկուտ համայնք, որտեղ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի շրջանակներում հիմնվել է անասնապահական կոոպերատիվ` բաղկացած 32 անդամներից: Նախարարն այստեղ ծանոթացել է կենադնիներին խմելու ջրով ապահովման համակարգի ներդրման աշխատանքների ընթացքին:
Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել անասնապահությունը Հայաստանում, հատկապես այն համայնքներում, որտեղ անասնապահությունը գերակա ուղղություն է համարվում: Ծրագրի շրջանակներում ստեղծված կոոպերատիվներին տրամադրվում է նաև գյուղատնտեսական տեխնիկա` կերի կուտակման աշխատանքներն իրակացնելու համար, ինչպես նաև մատուցվում է անասնաբուժական ծառայություններ:
Կոոպերատիվի անդամների և գյուղացիների հետ հանդիպման ժամանակ, կոոպերատիվի ղեկավար Անդրանիկ Եղոյանը նախարարին համառոտ ներկայացրել է իրենց գործունեությունը, տեղեկացնելով, որ ներկայումս կոոպերատիվն ունի 1200 խոշոր և 1350 մանր եղջերավոր գյուղատնտեսական կենդանիներ: Նա նաև նշել է, որ կոոպերատիվում արտադրվող կաթի մթերման գինը կազմում է 170 դրամ: Կոոպերատիվի անդամները հատկապես առանձնացրել են ոչխարի մսի իրացման խնդիրը: Նախարարը տեղեկացրել է գյուղացիներին, որ 2015 թվականին կմեկնարկի ծրագրի երկրորդ փուլը, ինչով նախատեսվում է ամբողջացնել շղթան:
Նախարարաը գուհանկությամբ է խոսել իրականացված աշխատանքների մասին և հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ ջրարբիացման համակարգը պատրաստ կլինի շահագործման:
Շիրակի մարզ այցի ընթացքում նախարարը եղել է նաև Աղվորիկ, Ախուրյան և Կառնուտ համայնքներում, որտեղ դիտարկել է ցորենի, գարու, ոսպի, հաճարի, կարտոֆիլի և գյուղատնտեսական այլ մշակաբույսերի ցանքերը ու տեղեկացել արձանագրված արդյունքների մասին:
Գյուղացիները հատկապես գոհունակություն են հայտնել այս տարվա կարտոֆիլի բերքի ծավալից ու որակից, ընդգծելով, որ կարտոֆիլի ցանքը բարձր բերքատվություն է ապահովում: Նախարարն այցելել է ֆերմերներ Մամիկոն Ղազարյանի և Հովհաննես Գաբոյանի տնտեսություններ, որոնք այս տարի հեկտարից միջինը մոտավորապես 40-50 տոննա բերք են սպասում: Ֆերմերները հույս ունեն, որ այս տարի ևս իրացման խնդիրներ չեն ունենալու:
Չնայած տեղացած կարկուտին` Շիրակի մարզում հացահատիկի լավ բերք է սպասվում, քանզի այս տարի 3000 հեկտար ավել ցանք է կատարվել, որից միայն 2200 հեկտարը հացահատիկային մշակաբույսերն են կազմում: Պետության կողմից մատչելի պայմաններով տրամադրվող բարձրորակ սերմերն ունեն բարձր վերարտադրողականություն և դա նպաստել է նաև հեկտարից ստացվող միջին բերքատվության աճին: Եվ դա մեզ հույս է ներշնչում, որ կգերազանցվեն նախորդ տարվա ցուցանիշները, - ամփոփելով այցը` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
2918 դիտում
15:57 15-09-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Շիրակի մարզում մասնակցել է ջրարբիացման համակարգի բացման արարողությանը
Այս բաժնից
475 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
322 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
931 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին