ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպաններին
Օգոստոսի 7-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներին՝ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին, ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին և Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզաբել Գիսնելին: Այս մասին է հայտնում ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել վերջին օրերին Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների դեպքերին, ինչպես նաև վերջինիս դիվերսիոն գործողությունների հետևանքով սահմաններում ստեղծված իրավիճակին: Կարևորվել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ստորագրված զինադադարի համաձայնագրի խստիվ պահպանումը:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ Սոչիում սպասվող եռակողմ հանդիպումը կնպաստի լարվածության թուլացմանը և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: