211652_close_icon
views-count1580 դիտում article-date 19:20 05-08-2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանում հետևել է «Գեղեցիկ Երևան» ծրագրով իրականացվող այգու բարեկարգմանը

Մայրաքաղաքի 2014 թվականի զարգացման ծրագրով վարչական շրջաններում իրականացվող աշխատանքներին տեղում հետևելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային հերթական շրջայցը Նոր Նորք վարչական շրջանում էր: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Միկոյան և Գալշոյան փողոցների խաչմերուկին հարող տարածք, որտեղ Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Գեղեցիկ Երևան» ծրագրով կատարվում են այգու հիմնանորոգման աշխատանքներ: Քաղաքապետին ներկայացնելով նախագծով նախատեսված և արդեն իսկ կատարված աշխատանքները՝ պատասխանատուները նշել են, որ շինբարեկարգման աշխատանքների ավարտից հետո, որոնք, ի դեպ, մեկնարկել են դեռ վաղ գարնանից, շուրջ 4300 քմ ընդհանուր մակերեսով, նախկինում անբարեկարգ ու անխնամ այս տարածքի փոխարեն, կլինի խնամված, նոր ծառատեսակներով, թփերով և ծաղիկներով համալրված բարեկարգ ու հարմարավետ հանգստի գոտի: Նշվել է նաև, որ շինբարեկարգման աշխատանքները ներառում են նոր անցուղիների և ճեմուղիների կառուցում, որոնցում կտեղադրվեն զրուցարաններ, 29 նստարան ու 22 աղբաման: Զբոսայգում կկառուցվի նաև խաղահրապարակ, մանկական ավազաման և նոր ցայտաղբյուր: Այգին նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա սեպտեմբերին: «Մեր ծրագրային գերակայությունների շարքում առանձնակի կարևորված է մայրաքաղաքի այգիների, պուրակների և, ընդհանրապես, կանաչ տարածքների բարեկարգումը, ինչը ևս հետզհետե կյանքի ենք կոչում՝ տարեցտարի ավելի ու ավելի ընդլայնելով այդ ուղղությամբ աշխատանքների ծավալները: Եվ որ կարևոր է, այս հարցում ևս առաջնորդվում ենք մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքով և ծրագրերի մեծ մասն իրականացնում ենք հատկապես ծայրամասային վարչական շրջաններում: Ի դեպ, այս հարցում համագործակցում ենք նաև միջազգային կառույցների ու մասնավոր հատվածի հետ: Ինչպես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Մալաթիա» պուրակը, այնպես էլ այս այգին, օրինակ, բարեկարգում ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ՝ «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում: Ըստ այդմ, ամբողջ աշխատանքների համար նախատեսված 34 մլն դրամի 50 տոկոսը տրամադրվել է Երևան քաղաքի համայնքային բյուջեից, մյուս 50-ը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: Շրջելով և ծանոթանալով աշխատանքների ընթացքին՝ քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է առավել ակտիվացնել աշխատանքները՝ նոր զբոսայգին հնարավորին շուտ բնակիչների շահագործմանը հանձնելու նպատակով: Պատասխանատուները տեղեկացրել են նաև, որ այգին կանաչապատելու, տարածքներում մշտական խնամք կազմակերպելու նպատակով նորոգվում և ընդլայնվում է ոռոգման ներքին ցանցը: Տարածքն ապահոված կլինի նաև արտաքին լուսավորությամբ և հարմարավետ կլինի հասարակության բոլոր խմբերի համար: «Այգին մատչելի կլինի նաև հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի համար: Կարծում եմ, ավելորդ չի լինի նշելը, որ, մեր կողմից հաստատված բարեկարգման նախագծի համաձայն, կանաչապատ մակերեսը կկազմի 70-75%: Եվ, ընդհանրապես, այգիների բարեկարգման՝ մեր կողմից հաստատվող բոլոր նախագծերում կանաչապատ մակերեսի ծավալը փորձում ենք այդ հարաբերակցության մեջ պահել», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հարակից շենքերի բնակիչներն, առիթից օգտվելով, մոտեցել և շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին, իրենց իսկ խոսքով՝ 50 տարուց ավելի անխնամ մնացած տարածքին կենդանություն տալու և ժողովրդի համար նման հաճելի հանգստի գոտի ստեղծելու համար: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր