5059 դիտում
14:04 26-07-2014
Նախագահը մասնակցել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-ամյակի և ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը
ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի և ռազմաուսումնական հաստատությունների 2014 թվականի շրջանավարտների ավարտական միջոցառման առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է արարողության մասնակիցներին, շնորհավորել ռազմական ինստիտուտի 20-ամյա հոբելյանի և ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառությունն ավարտած շրջանավարտներին՝ սպայական առաջին կոչումներն ստանալու կապակցությամբ, մաղթել նրանց հաջողություններ և բարի երթ դեպի հայկական փառապանծ զինված ուժերի շարքերը:
Նախագահը լավագույն շրջանավարտներին անձամբ է հանձնել սպայական վկայականները և պարգևատրել անվանական դաշույններով: Պատվո պահակախմբի ցուցադրական շարանցումից հետո, միջոցառման առիթով Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:
Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան և ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ:
***
Նախագահի խոսքը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի և ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին սպայական կոչումների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ,
Այսօր, իհարկե, նշանակալի օր է մեզ համար: Նշանակալի այն առումով, որ հավաքվել ենք տոնելու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման քսանամյակը, սպայական առաջին կոչումները շնորհելու ուսումնական հաստատությունների շրջանավարտներին և նշելու ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների առաջին հոսքի սպաների ուսումնառության ավարտը:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը հիրավի պատմական նշանակություն ունեցող կրթահամալիր է մեզ համար: Ստեղծվելով Արցախյան պատերազմի հաղթական ավարտի հետքերով` այն նշանավորեց ռազմական կադրերի սեփական դարբնոցն ունենալու հայ ժողովրդի վաղեմի երազանքի իրականացումը: Կարող եմ վերհիշել, թե այժմ արդեն հեռավոր 1994 թվականի ամառային օրերին ինչպես էր իր առաջին մանկական, բայց և հաստատուն քայլերը կատարում բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը` ապագա ռազմական ինստիտուտը: Դրանք այն օրերն էին, երբ անհրաժեշտ ուսումնանյութական բազան բառի բուն իմաստով մեկիկ-մեկիկ հավաքում էինք պատերազմը նոր ավարտած զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներից, երբ պրոֆեսորադասախոսական կազմի հավաքագրման համար շրջում էինք հանրապետության բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններով, երբ հրամանատարական կազմի համալրման համար ընտրում էինք պատերազմի բովով անցած լավագույն սպաներին, իսկ առաջին հոսքի կուրսանտները նորաստեղծ ինստիտուտի կառուցապատման աշխատանքներին ստիպված էին հատկացնել ուսումնական գործընթացից ոչ պակաս ժամանակ: Հայի ճակատագիրն է սա, միաժամանակ կառուցել և սովորել, կերտել և մարտնչել` արևի տակ ապրելու իրավունքն իր քաջությամբ, խելքով և աշխատասիրությամբ պաշտպանելու համար:
Այժմ արդեն քսանամյա երիտասարդը` հայոց բանակի ռազմական կրթության ողնաշարը, տարեցտարի մեր զինված ուժերը համալրում է հայրենիքի նվիրյալ պրոֆեսիոնալ սպաներով և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հետ մեկտեղ ապահովում է հայոց բանակի շարքեր հմուտ, բանիմաց, բայց ամենակարևորը` հայրենի միջավայրում թրծված առաջնորդների մուտքը: Ընդ որում, արժանահիշատակ է այն հանգամանքը, որ առաջին անգամ զինված ուժերը կհամալրվեն այստեղ ներկա երեք կին պրոֆեսիոնալ սպաներով` ռազմաավիացիոն ինստիտուտի սաներով: Սա վկայում է հայրենիքի պաշտպանության գործում հայ կնոջ օրըստօրե աճող դերակատարության մասին:
Շնորհավորելով բոլոր ռազմաուսում¬նական հաստատությունների երիտասարդ շրջանավարտներին՝ ցանկանում եմ, որ պատվով կրեք հայոց բանակի սպա լինելու նվիրական կոչումն ու առաքելությունը: Լինի դա մեր սահմանները պաշտպանելու, թե առօրյա մարտական պատրաստության գործունեությունը, հիշեք, որ դուք պրոֆեսիոնալ սպայի մասնագիտության կրողներ եք, ուստի առաջնորդեք սեփական օրինակով և եղեք այնպիսի հավերժական արժեքների կրողներ, ինչպիսիք են «Պատիվը», «Պարտքը» և «Հայրենիքը»: Երբեք չընկրկեք, քանի որ ձեր թիկունքին մշտապես զգալու եք ծառայակից ընկերների, վերադաս հրամանատարության, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ողջ համակարգի և ամբողջ հայ ժողովրդի ֆիզիկական և հոգևոր աջակցությունը:
Հատկապես ցանկանում եմ շնորհավորել ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացի անդրանիկ շրջանավարտ¬ներին: Դուք եք, որ հանդիսանալու եք այսօրվա երիտասարդ սպաների և բանակի բարձրագույն ղեկավար կազմի միջև կապակցող օղակը: Ուստի ցանկանում եմ, որ ամենաեռանդուն կերպով զինված ուժերի բոլոր գործառութային ոլորտներում տարածեք ձեր ստացած ժամանակակից գիտելիքներն ու հմտությունները՝ դառնալով արդիական մարտարվեստի, պլանավորման, ղեկավարման, կառավարման, առաջնորդման ու զինվորական էթիկայի լավագույն փորձի կիրառման առաջամարտիկներ:
Հարգելի՛ շրջանավարտներ.
Վստահ եմ, որ գիտակցում եք այսօրվա հանդիսավոր արարողության վայրի ընտրության ոչ պատահական լինելը: Հավաքվելով այս սրբավայրում և խոնարհվելով անմեղ նահատակների հավերժ հիշատակի առջև՝ մեր ազգի ու պետականության բոլոր ախոյաններին նաև հստակ ուղերձ ենք հղում առ այն, որ այլևս անցել են այն ժամանակները, երբ հայ մարդուն վնասելը մնում էր անպատիժ: Դիպուկահար զենքով մեզ թիրախավորող, մեր թիկունքում դավադիր ոտնձգություններ իրականացնել ցանկացող և մեր դեմ լայնածավալ ռազմական գործողություններ պլանավորող հակառակորդին ասում ենք. «Զգու՛յշ եղեք, սա Հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք ձեր վախճանը»: Եվ ես շնորհակալ եմ ձեզնից, որ ընտրելով սպայի մասնագիտությունը՝ գիտակցաբար ու անմնացորդ նվիրումով դարձել եք այս պատվիրանների հետևորդները ու դրանք գործով իրականացնողները: Սակայն ես հրամայում եմ ձեզ, խնդրում եմ, տղանե՛ր, անել ամեն ինչ, հերոսանալու ոչ թե սեփական կյանքը կորցնելու, այլ մեր աշխարհի անդորրը խաթարող ելուզակներին վնասազերծելու միջոցով: Դուք հայրենիքին շատ եք պետք:
Բարի երթ եմ մաղթում ձեզ դեպի մեր փառապանծ զինված ուժերի շարքերը, որոնք գտնվում են քաղաքակրթության ու բարբարոսության, լույսի ու խավարի պայքարի կիզակետում: Բարի ծառայություն: Եվ թող Աստված բոլորին հաջողություն տա:
Շնորհակալություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
Նմանատիպ նյութեր
4092 դիտում
22:04 22-08-2017
Մեկնարկել են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ