211652_close_icon
views-count30128 դիտում article-date 09:33 22-07-2014

Երևանում մարդատար ավտոբուսը մխրճվել է «Հայմամուլի» կրպակի մեջ. վթարի վայր են ժամանում ՀՀ փոխոստիկանապետը, Երևանի ՃՈ պետը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում 58-ամյա Վաչագան Ասլանյանը, վարելով Higer մակնիշի 4421 S համարանիշի ավտոմեքենան, Աբովյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին տեղադրված «Հայմամուլի» ընկերությանը պատկանող թերթի կրպակին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոբուսը սպասարկում է թիվ 54 երթուղին, որը հաշվառված է Երևան քաղաքի Թևոսյան 5 հասցեում գրանցված «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում: Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, որոնց այնտեղ են տեղափոխել այդ պահին նշված հատվածում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել հանրապետության ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը և Երևանի ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը: Քիչ առաջ վթարի վայր ժամանեց նաև Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից վթարի վայր պետք է ուղարկեն ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մյասնիկյան պողոտայից իջնելու ժամանակ վարորդը նկատել է, որ ավտոմեքենան տեխնիկական խնդիր ունի ու եթե ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է՝ վթարն ավելի ողբերգական լիներ: Միայն վարորդի ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել խուսափել վատթարագույնից: Ականատեսները ասում են նաև, որ վարորդը նույնպես օգնություն էր ցուցաբերում մարդկանց, որպեսզի դուրս գային ավտոբուսից: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված երթուղին սպասարկում է Ավան Առինջ և գյուղ Դաշտավան երթուղին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա եղել է սթափ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր