«Երևանյան ամառ». հին ու նոր մեղեդիներ՝ երեկոյան համերգում
Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կրկին շաբաթօրյա երեկոյան համերգ էր՝ հունիսի 1-ից մեկնարկած «Երևանյան ամառ» ծրագրի պարբերական միջոցառումներից մեկը։ Երևանի քաղաքապետարանի «Երևան» փողային նվագախումբը մինչ ամառվա վերջին շաբաթ օրը բացօթյա համերգի է հրավիրում երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին։
«Ամառվա 15 շաբաթ օրերին կատարելու ենք «Երևանի» ողջ նվագացանկը. տարբեր ոճերի համամասնությամբ արդեն կազմել ենք յուրաքանչյուր շաբաթվա ելույթի ծրագիրը։ Ամեն մի համերգի հայկական և արտասահմանյան հանրահայտ ֆիլներից երաժշտական ստեղծագործություններ ենք մատուցում, Երևանի մասին և այլ երգերի գործիքային մշակումներ, ինչպես նաև մեղեդիներ, այդ թվում նաև մուլտերից, քանի որ երեկոյան ժամերին շատ երեխաներ են զբոսնում Աբովյան փողոցում»,-ներկայացրել է «Երևան» փողային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Հայկ Հովակիմյանը։
Շառլ Ազնավուրի անվան հրապարակում զբոսնող քաղաքացիների խոսքով՝ «Երևանյան ամառը» քաղաքային նոր մշակույթ ու յուրահատուկ միջավայր է սկզբնավորում մայրաքաղաքում։