211652_close_icon
views-count1743 դիտում article-date 10:20 05-07-2014

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մեր երկրի Մայր օրենքն արտահայտիչն է մեր ժողովրդի ընտրած ուղու՝ ազատ, ժողովրդավարական հասարակություն և սոցիալական ու իրավական պետություն կառուցելու ճանապարհի: Անկախության ձեռքբերումից ի վեր կատարվել է հսկայական աշխատանք, մենք հասունացել ենք որպես հասարակություն, ամրացել որպես պետություն: Երկրի քաղաքական կյանքում եղել են նույնիսկ ճգնաժամային իրավիճակներ, բայց անգամ այդ դեպքերում Սահմանադրությունը դրսևորել է իր կենսունակությունը և բացահայտել մարտահրավերները հաղթահարելու հնարավորությունները: Այս ընթացքում հասունացել է նաև երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը: Առանց սահմանադրական նոր բարեփոխումների դրանք չեն կարող լինել ամբողջական և համընդգրկուն: Այսօր սահմանադրական բարեփոխումների նոր առաջարկներն ակտիվորեն քննարկվում են մասնագետների և շահագրգիռ անհատների ու կազմակերպությունների կողմից: Սիրելի՛ հայրենակիցներ, Կրկին շնորհավորում եմ ձեզ պետական նշանակալի տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիս, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամեն օր իրականացվի սրբությամբ և անշեղորեն ծառայի քաղաքակիրթ ապրելակերպի ու զարգացման նպատակներին»:

Նմանատիպ նյութեր