211652_close_icon
views-count1837 դիտում article-date 20:13 03-07-2014

Լաթաքիայի նահանգապետը և Սիրիայում Հայաստանի դեսպանն անդրադարձել են սիրիական բանակի կողմից ազատագրված հայաբնակ Քեսաբում այժմ տիրող իրադրությանը

Հուլիսի 1-3-ը Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի և Դամասկոսի Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեց Լաթաքիա նահանգ: Այցի շրջանակներում հուլիսի 1-ին դեսպան Փոլադյանը հանդիպում ունեցավ Լաթաքիայի նահանգապետ Ահմադ Շեյխ Աբդուլքադերի հետ: Հանդիպման ընթացքում Լաթաքիայի նահանգապետը ՀՀ դեսպանին ներկայացրեց նահանգի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Երկուստեք ընդգծվեց Լաթաքիայի, ինչպես նաև քեսաբահայության ավանդական ծանրակշիռ դերը նահանգի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքում, մտքեր փոխանակվեցին ներկայումս նրանց առջև ծառացած հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ: Այդ համատեքստում Լաթաքիայի նահանգապետը և դեսպան Փոլադյանն անդրադարձան վերջերս սիրիական բանակի կողմից ազատագրված հայաբնակ Քեսաբում այժմ տիրող իրադրությանը: Այցի շրջանակներում դեսպան Փոլադյանն այցելեց Քեսաբ, ուր քաղաքապետ Վազգեն Չափարյանի և շտապօգնության մարմնի հետ քննարկեց քեսաբահայերի՝ հայրենի քաղաք վերադարձի և նոր կյանք սկսելու հետ կապված դժվարություններն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Դեսպանն այցելեց նաև Քեսաբի ռազմական ընդհարումների ընթացքում տուժած հայկական եկեղեցիներն ու մշակութային կենտրոնները: Այնուհետև Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ ՀՀ քաղաքացու անձնագրերի հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին Լաթաքիայի հոգևոր հայրեր և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագրեր ստացան մի քանի տասնյակ լաթաքիահայեր: Շնորհավորելով անձանգիր ստացողներին` դեսպան Փոլադյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր հայի կյանքում մեծ և հիշարժան իրադարձություն է ՀՀ քաղաքացի դառնալը, և հույս հայտնեց, որ իրենց գործունեությամբ նրանք մշտապես բարձր կպահեն ՀՀ քաղաքացու պատիվը: Իրենց ելույթներում հայ համայնքի ներկայացուցիչները բարձր գնահատեցին ՀՀ ղեկավարության դերակատարությունը թե՛ քեսաբահայության, թե՛ առհասարակ սրիահայության խնդիրներին լուծումներ գտնելու հարցում:

Նմանատիպ նյութեր