211652_close_icon
views-count5862 դիտում article-date 14:08 03-07-2014

Այսօր տոնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը

Հուլիսի 4-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը կիրականացնեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված «Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի» տոնին։ «Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնվելու» տոնը Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ուխտի օրն է: Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարները գտնվել են 5-րդ դարում: Կյանքի վերջին տարիներին Սուրբն առանձնանում է Մանյա այր կոչվող մի քարայրում ճգնելու, ուր կնքում է իր մահկանացուն: Հովիվներն են գտնում Սրբի մարմինը և նույն վայրում ամփոփում (հուղարկավորում): Հետագայում մի ճգնավոր աստվածային հայտնությամբ գտնում է Սրբի աճյունը: Այս իրողության վրա է Հայ Եկեղեցին հաստատել Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնվելու տոնը: Պատմության ընթացքում Հայրապետի Սրբազան մասունքները Քրիստոսի Կենարար Խաչափայտի օրինակով՝ որպես քրիստոնեական եկեղեցիների մեծագույն սրբություններ, ցրվում են աշխարհով մեկ: Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցին բացառիկ այն եկեղեցիներից է, ուր գտնվում է իր անվան Սրբի մասունքը՝ իբրև հավատի, հույսի, բժշկության համբուրելի սրբություն հայ ուխտավորի համար: «Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի» տոնի միջոցառումների ժամանակացույց՝ Ժամը 15.30-ին Երևանի Մայր եկեղեցուց հոգևորականի ուղեկցությամբ երիտասարդների և հավատացյալների մի խումբ կուղևորվի Խոր Վիրապ: 17.00-ին Խոր Վիրապում կկատարվի ժամերգության արարողություն, և կվառվի կանթեղը: 18.00-ին խումբը կվերադառնա Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի: Ժամը 19.00-ին հոգևորականների դասը, համայնքի անդամները՝ երիտասարդներ և ուխտավորներ, Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու գլխավոր մուտքի աստիճանների դիմաց (Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ) կդիմավորեն Խոր Վիրապից բերված կանթեղը և թափորով կշարժվեն Մայրեկ եղեցի: Կանթեղի լույսով կվառվեն Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների ամպհովանու գլխավոր կանթեղը և Խորանի մոմերը, կկատարվի Նախատոնակ և մասնակիցների «Օրհնության կարգ»: Ժամը 20.00-ին եկեղեցու հարակից տարածքում «Հավատամք» հոգևոր կենտրոնի «Հավատամք» երգչախմբի և պարախմբի, նաև այլ խմբերի մասնակցությամբ տեղի կունենա տոնական համերգ: Հավատացյալները հնարավորություն կունենան Խոր Վիրապից բերված կանթեղից ճրագներ վառել և տանել տուն: Այս տոնը Գրիգոր և Գրիգորյան ազգանունը կրող անձանց անվանակոչության տոնն է: Լրագրողները լուսաբանման համար հրավիրվում են հուլիսի 4-ին՝ ժամը 19.00, Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու գլխավոր մուտքի աստիճանների դիմաց (Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ), որտեղ հոգևորականները, համայնքի անդամները, երիտասարդներն ու ուխտավորները կդիմավորեն Խոր Վիրապից բերված կանթեղը և թափորով կշարժվեն Մայրեկ եղեցի: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Նմանատիպ նյութեր