211652_close_icon
views-count1305 դիտում article-date 16:41 01-07-2014

ՀՀ Արդարադատության փոխնախարարն ընդունել է Հավայի նահանգի սենատոր Սյուզան Չուն Օքլանդին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը հուլիսի 1-ին ընդունել է Հավայի նահանգի սենատոր Սյուզան Չուն Օքլանդին: Կողմերը քննարկել են ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու զարգացմանն ուղղված հեռանկարները: Արման Թաթոյանը անդրադարձել է մասնավորապես Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծին, դրանով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կիրառմանը, որի համար աշխատանքային խմբի անդամներն ուսումնասիրել են նաև միջազգային փորձը՝ հասկանալու համար՝ որքանո՞վ է այս կամ այն նորամուծությունը կիրառելի հայաստանյան իրականության մեջ: Նախարարի տեղակալը հյուրին ներկայացրել է նաև երեկ մեկնարկած Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի դրույթները՝ ընդգծելով, որ այն լրացնելու է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների համակարգն ու խթանելու է գործնականում իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությունը: Սենատորը հետաքրքրվել է Հայաստանում քաղաքացիական հասարակության՝ պետական կարևորագույն հարցերում մասնակցությունն ապահովելուն ուղղված աշխատանքներով: Ի պատասխան նախարարի տեղակալ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը, կարևորելով քաղաքացիական հասարակության դերն ու նշանակությունը, ստեղծել է ՀՀ արդարադատության նախարարին կից հանրային խորհուրդ, որտեղ և քննարկվելու են հասարակական կազմակերպություններին մտահոգող հարցերը, որոնց արդյունքները կարող են էական ազդեցություն ունենալ համապատասխան օրենսդրական ակտը մշակելու ժամանակ: Սյուզան Չուն Օքլանդը բարձր է գնահատել ոլորտում իրականացվող աշխատանքներն ու պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության համար: Հանդիպմանը մասնակցել է նաև «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը:

Նմանատիպ նյութեր