211652_close_icon
views-count930 դիտում article-date 17:44 30-06-2014

Երևանում այս տարի ասֆալտապատման աշխատանքների մեծ մասը ծայրամասային շրջաններում է իրականացվում

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են ասֆալտապատման, այդ թվում բակային տարածքների, փողոցների, և մայթերի ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքները: Մասնավորապես ընթացիկ նորոգման ենթակա 400 փողոցներից 300-ում աշխատանքներն արդեն իսկ ավարտվել են: 30 հազար քմ ծավալով մայթերի ասֆալտապատման աշխատանքները նույնպես ավարտված են: Ընթացքի մեջ են նաև բակային տարածքների ասֆալտապատման և փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել իրականացվող աշխատանքների նկատմամբ խիստ հսկողությունը՝ հատուկ ուշադրության դարձնելով պատշաճ որակի ապահովմանը: «Ասֆալտապատման աշխատանքների իրականացման հարցում պետք է լինենք շատ խիստ և ցուցաբերենք կոշտ մոտեցում, որպեսզի հետագայում արդեն թերությունների վերականգնման կարիք այլևս չլինի: Եթե նախորդ տարիներին հիմնական շեշտը դրվում էր Կենտրոն վարչական շրջանի ասֆալտապատման վրա, ապա այս տարի նախատեսված ծավալների մեծ մասը՝ շուրջ 1,5 մլն քմ, բաժին է ընկնում այսպես կոչված ծայրամասային վարչական շրջաններին: Սա կարևոր ձեռքբերում է հատկապես մայրաքաղաքի համաչափ զարգացման տեսանկյունից: Մեր խոստմանը համաձայն նախատեսում ենք, որ մինչև 2017 թվականը ավարտենք բակային տարածքների հիմնական ասֆալտապատումը և այնուհետ կիրականացնենք արդեն ընթացիկ նորոգման աշխատանքներ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: Հրազդանի կիրճի փլուզված ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքների հետ կապված՝ զեկուցվել է, որ քանդման աշխատանքներից հետո ի հայտ եկած որոշակի խնդիրներով պայմանավորված, որոնք դեռ 50 տարի առաջ կառուցված կոնստրուկցիաների հետևանքով են առաջացել, ճանապարհի վերականգնման և շահագործման հանձնման նախապես սահմանված ժամկետները երկարացվել են:

Նմանատիպ նյութեր