211652_close_icon
views-count13073 դիտում article-date 11:50 23-06-2014

Երևանում 28-ամյա կին վարորդը Toyota-ով արմատախիլ է արել հաստաբուն ծառը. նրան ու 3 վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ, 28-ամյա Քրիստինե Բադալյանը, վարելով Toyota Corolla մակնիշի 33 ՏT 681 համարանիշի ավտոմեքենան, Կոմիտասի պողոտայի 33/6 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրի ծառին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում առաջացել է հրդեհ, սակայն մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը քաղաքացիներն իրենց ուժերով մարել են կրակը և առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդին և մարմնական վնասվածքներ ստացած նրա ուղևորներ՝ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ, 30-ամյա Արմենուհի Մարտիրոսյանին, Երևանի բնակիչներ, 32-ամյա Սամվել Ղազարյանին և 24-ամյա Հայկազ Սեդրակյանին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի մեծ թվով աշխատակիցներ՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 3 վիրավոր ուղևորները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», իսկ վարորդը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնին կից Պահպանության բաժնի ծառայողները, ինչպես նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները: Վարորդ Ք. Բադալյանը ճանապարհային ոստիկաններին ասում էր, որ մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել իր համար, ինչից հետո ինքը չի կարողացել կառավարել մեքենան, և տեղի է ունեցել բախումը, որի հետևանքով էլ ծառն արմատախիլ էր եղել: Տեղում աշխատել է նաև ԱԻՆ փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր