Հունիսի 18-19-ը Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 18-ին 2-օրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն: Այս մասին հաղորդում է NewsGeorgia գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի նախագահի մամլո ծառայությանը:
Հունիսի 18-ին Թբիլիսիի Ավլաբարի նախագահական նստավայրում տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի նախագահների հանդիպման հանդիսավոր արարողությունը, իսկ տետ-առ-տետ հանդիպումից հետո երկու երկրների նախագահները մամլո ասուլիսում համատեղ հայտարարություն կանեն:
Մամլո ասուլիսից հետո Սերժ Սարգսյանն ու Գեորգի Մարգվելաշվիլին ծաղկեպսակ կդնեն Հերոսների հրապարակում տեղադրված հուշարձանին: Իսկ նույն օրը երեկոյան Հայաստանի նախագահը կհանդիպի Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:
Նախագահը ներկա կգտնվի նաև Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնում Սայաթ Նովայի 300-ամյակին նվիրված գալահամերգին:
Հունիսի 19-ին Ս. Սարգսյանը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ նախագահը կայցելի Կախեթի, ինչից հետո կվերադառնա Հայաստան: