211652_close_icon
views-count2094 դիտում article-date 20:44 09-06-2014

Կանադայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական գրով հաստատել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի ընտրությունը Կանադայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնում: Մայիսի 30-31-ին Կանադայի Միսիսոգայի Ս. Վարդան եկեղեցում, նախագահությամբ թեմի առաջնորդական տեղապահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և ատենապետությամբ տիար Ժաք Ստեփանյանի, թեմի 31-րդ Պատգամավորական ժողովը Կանադայի հայոց թեմի առաջնորդ է ընտրել Մայր Աթոռի միաբան Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանին: Կանադայի հայոց թեմը հաստատվել է 1984 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ կոնդակով: Թեմում այսօր գործում են տասնյոթ եկեղեցական համայնքներ: * * * Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը (ավազանի անունը` Սամվել) ծնվել է 1972 թ. հուլիսի 23-ին, ք. Բաթումիում, Վրաստան: 1979-1989 թթ. սովորել և ավարտել է Բաթումիի հայկական Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը: 1989-1995 թթ. ուսանել է Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում: Ավարտաճառը պաշտպանել է «Հայ դավանաբանական մտքի արձագանքները Ս. Ներսես Շնորհալու Մատթէի մեկնության մեջ» թեմայով: 1995 թ. հոկտեմբերին ձեռամբ Տ. Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի ձեռնադրվել է սարկավագ և ծառայության կոչվել Մայր Աթոռում: 1996 թ. հունիսի 2-ին ձեռամբ Տ. Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա` համալրելով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության շարքերը: 1996-2001 թթ. ծառայել է որպես Աջարիայի (Վրաստան) հոգևոր հովիվ: 2001-2004 թթ. ուսանել է Զալցբուրգի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում: 2004 թ. պաշտպանել է «Հայ-լատին եկեղեցական հարաբերությունները 11-12-րդ դարերում» թեմայով ավարտաճառը և վերոնշյալ համալսարանում ստացել աստվածաբանության Մագիստրոսի կոչում: 2004 թ. մայիսից 2005 թ. հոկտեմբեր ամիսը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ծառայել է Վիրահայոց թեմում` իբրև փոխառաջնորդ: 2005 թ. հոկտեմբերի 11-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Սյունյաց թեմի փոխառաջնորդ: 2006 թ. ապրիլին պաշտպանել է վարդապետական թեզ «Ս. Դիոնիսիոս Արիսպագացին հայ մատենագրության մեջ» թեմայով և 2006 թ. մայիսին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Տ. Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի ստացել մասնավոր վարդապետության աստիճան: 2010 թ. մեկամյա ուսման է մեկնել Կանադա: 2011 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ: Հոգեշնորհ Հայր Սուրբը տիրապետում է հայերեն, ռուսերեն, վրացերեն և գերմաներեն լեզուներին:

Նմանատիպ նյութեր