1206 դիտում
14:54 26-05-2014
Տեղի է ունեցել ՀՀ նախագահի 2013 թվականի մրցանակների հանձնման արարողությունը. ֆոտոշարք
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի նախագահ, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում: Հանրապետության Նախագահը նշել է, որ Պողոսյան ընտանիքի հետ միասին` «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանու ներքո արդեն տարիներ շարունակ փորձ է արվում վերհանել Հայաստանի գիտական, կրթական, մշակութային կյանքի լավագույն ձեռքբերումները: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը կարևորել է այն հանգամանքը, որ այս գործընթացի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում Հայոց ցեղասպանության միջազգային ուսումնասիրության աշխատանքներին, ինչպես նաև հայ երիտասարդների ստեղծագործական ձգտումներին:
«Յուրաքանչյուր մրցանակ կարևոր առաքելություն ունի կատարելու: Ինչպես այս, այնպես էլ այլ մրցանակներն աշխատանքի հրապարակային ճանաչման միջոց և ձև են: Իսկ դա կարևոր է, քանի որ ստեղծագործողին հնարավորություն է տալիս համոզվելու, որ իր կատարած աշխատանքը գնահատվել է հանրության կողմից և հասել հասցեատերերին:
Յուրաքանչյուր ստեղծագործող իր գործը փորձում է ուղղել հավերժությանը: Աշխատանքը մարդուն այս աշխարհում հատկացված կարճ ժամանակահատվածը գերազանցելու, ասելիքը գալիք սերունդներին փոխանցելու կարևոր միջոց է: Սակայն ոչ պակաս կարևոր է ժամանակակիցների հետ երկխոսությունը: Այս առումով անկեղծորեն ցանկանում եմ, որպեսզի մրցանակակիրները կանգ չառնեն ձեռքբերված հաջողությունների վրա:
Սրտանց մաղթում եմ ձեզ, որպեսզի լինե՛ք արդյունավետ և նոր ստեղծագործական թռիչքներ արձանագրեք ձեր աշխատանքում: Հուսով եմ, որ ոգեշնչումը երբեք ձեզ չի լքելու, իսկ ձեր հետևողական ու նվիրված աշխատանքը գիտական, կրթական և մշակութային նոր հաջողություններ է բերելու Հայոց աշխարհին:
Սիրելի՛ բարեկամներ,
Առանձնահատուկ խորհուրդ կա նրանում, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելից մուտք գործելով՝ մենք ճանաչում ենք իսրայելցի գիտնական, պատմաբան Յահիր Աուրոնի վաստակը «Ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու» անվանակարգով:
Հրեա ժողովրդի մեծագույն ներկայացուցիչներից շատերը միշտ հաղորդակից են եղել հայ ժողովրդի ցավին ու ողբերգությանը: Հնարավոր չէ թվարկել բոլոր այն նշանավոր հրեա մտավորականներին, ովքեր անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը: Բայց երկու անուն անպայման պետք է նշեմ:
Առաջինը, ավստրիացի հրեա Ֆրանց Վերֆելն է, ով իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով զգուշացնում էր, թե ինչ արհավիրք է սպասում Եվրոպայի հրեաներին: Երբեմն գեղարվեստական մտածողության մարդիկ գիտնական¬ներից շատ առաջ են անցնում:
Երկրորդը, լեհ հրեա Ռաֆայել Լեմկինն է: Իրավաբան-գիտնական լինելով՝ նա ստեղծեց «ցեղասպանություն/գենոցիդ» եզրույթն ու դարձավ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին 1948-ի ՄԱԿ-ի Կոնվենցիայի հիմնադիր հայրը: Պատահական չէ, որ Լեմկինն ասում էր, թե այդ աշխատանքը կատարելիս՝ նա մտովի անդրադառնում էր երկու համաշխարհային պատերազմների ընթացքում հայերի և հրեաների ապրած աղետներին:
Դուք, հարգելի՛ պարոն Աուրոն, Ձեր աշխատանքով, կանգնում եք Հայաստանի և հայ ժողովրդի համար այդ երկու նվիրական մարդկանց հետ նույն շարքում: Դուք՝ Ձեր ողջ գիտական վաստակով, պայքարում եք Հայոց ցեղասպանության ուրացման դեմ: Ես շատ ուրախ եմ, որ Իսրայելի և հրեական սփյուռքի ներկայացուցիչները պայքարում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Շատ լավ է, որ չնայած բոլոր դժվարություններին, Դուք չեք հրաժարվում Ձեր նախորդների վեհ գաղափարներից:
Սիրելի՛ բարեկամներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ: Մաղթում եմ քաջառողջություն, ցանկանում եմ, որպեսզի ձեր հետագա գործունեությունը նշանավորվի նոր ձեռքբերումներով: Մաղթում եմ խաղաղություն ձեզ և ձեր ընտանիքներին ու հարազատներին, ինչպես նաև նոր նշանակալի գործեր՝ հանուն Հայաստանի, հայ ժողովրդի և ողջ մարդկության»,-մրցանակակիրներին ուղղված իր խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
***
ՀՀ Նախագահի հրամանագրով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2013 թվականի մրցանակ է շնորհվել.
Ամատունի ՎԻՐԱԲՅԱՆԻՆ և Գոհար ԱՎԱԳՅԱՆԻՆ՝ «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ (1916-1917թթ.)» հայերեն եռահատոր փաստաթղթերի ժողովածուի և նույնանուն անգլերեն հատընտիր ժողովածուի համար և Յահիր ԱՈՒՐՈՆԻՆ (ԻՍՐԱՅԵԼ)՝ «Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը» գրքի և երկարամյա գիտական գործունեության համար:
Հանրապետության Նախագահի այլ հրամանագրերով, ՀՀ Նախագահի 2013 թվականի մրցանակ է շնորհվել.
բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Եվգենի ՄԱՍԱԽԼԻՍՈՎԻՆ, Շուշանիկ ՏՈՆՈՅԱՆԻՆ և Վլադիմիր ՄՈՐՈԶՈՎԻՆ՝ «Կոնֆորմացիոն անցումների տեսությունը կենսաբանական մակրոմոլեկուլներում» գիտական հոդվածների շարքի համար.
տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Սուրիկ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻՆ, Վլադիմիր ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ, Ժաննա ԴՈԽՈԼՅԱՆԻՆ, Մանե ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ և Ստեփան ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ՝ «Օպտիկական ազդանշանի սպեկտրային վերլուծության նոր, բազմանպատակ կիսահաղորդչային սենսոր» գիտական հոդվածների շարքի համար.
ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Ալբերտ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ, Արշակ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, Մանուկ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ և Վռամ ՄՈՒՂՆԵՑՅԱՆԻՆ՝ «Կիսահաղորդչային նանոհամակարգերում քվազիմասնիկային վիճակների և դինամիկական բնութագրերի կառավարում ֆիզիկական գործոններով» գիտական հոդվածների շարքի համար:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել՝
արվեստի բնագավառում՝ Գոռ ԳՅՈՒՐՋՅԱՆԻՆ՝ «Հաղթահարում» գեղանկարի համար և Ժաննա ՆԱԶԱՐՅԱՆԻՆ և Ռազմիկ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ՝ «Այստեղ մեր կողքին» վավերագրական ֆիլմի համար.
գրականության բնագավառում՝ Մանե ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ՝ «Ցուրտ կին» բանաստեղծությունների ժողովածուի համար:
Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել.
«Երգեցողություն» անվանակարգում, բարձր կատարողական արվեստի համար՝ Լուիզա ԵՐԵՄՅԱՆԻՆ, Սերգեյ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ և Գրիգոր ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ.
«Գործիքային կատարում» անվանակարգում, լավագույն կատարման համար՝ Ժորա ՍԱՐԳՍՅԱՆԻՆ (դաշնամուր):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
1458 դիտում
15:11 26-05-2015
Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2014 թվականի մրցանակների հանձնման արարողությունը. լուսանկարներ
1549 դիտում
15:34 26-05-2016
Տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
4898 դիտում
18:15 24-05-2018
Տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1108 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1207 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1411 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ