211652_close_icon
views-count1568 դիտում article-date 16:11 23-05-2014

Բացահայտումներ է անում ԱԻՆ ՊՀՏԱ տեսչության պետը

Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսին ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը ներկայացրեց ԱԻՆ տեսչական նոր քաղաքականությունը, իրականացվող տեսչական բարեփոխումները, տեխնիկական և հրդեհային անվտանգության պատճառահետևանքային վերլուծությունը, ինչպես նաև ՊՀՏԱ տեսչության կողմից իրականացվող` կոռուպցիոն ռիսկերի նվազեցման միջոցառումները։ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը բոլոր խոշոր հիմնարկ-ձեռնարկություններին բացատրական-նախազգուշական նամակով իրազեկել-ծանոթացրել է հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջներին, դրանց կատարման պարտականություններին, ինչպես նաև չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներին: - Մեր գերխնդիրը հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելումն է, որպեսզի մեր համաքաղաքացիների կյանքին, առողջությանը և ունեցվածքին վնաս չհասցվի,- ընդգծեց ՊՀՏԱՏ պետ Աշոտ Մկրտչյանը: Տեսչությունն առաջիններից մեկը ներդրեց ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը, որի համաձայն` բոլոր օբյեկտներում ռիսկայնությունը գնահատվում է որոշակի մեթոդաբանությամբ և բաժանվում 3 խմբի (բարձր, միջին և ցածր ռիսկայնության): Ստուգումներն իրականացվում են նախապես հաստատված ծրագրով և ստուգաթերթերով, որոնք տեղադրվում են ԱԻՆ կայքում: Այսպիսով` օբյեկտները հնարավորություն և բավական ժամանակ են ունենում շտկելու առկա թերությունները: Սրանից բացի` միայն 2014 թ. ընթացքում տեսչության աշխատակիցները բացատրական աշխատանքներ են իրականացրել տարբեր նշանակության 1000-ից ավելի օբյեկտներում, 50-ից ավելի ելույթներով հանդես եկել հեռուստատեսությամբ ու ռադիոյով: Հրդեհային անվտանգության կանոնները խախտելու կամ չկատարելու համար 2014 թ. չորս ամսվա ընթացքում վարչական տույժի է ենթարկվել 198 մարդ` վճարելով 8.6 մլն դրամ տուգանք: Օգտվելով ԱԻՆ հեղինակության բարձրացումից` ի հայտ են եկել մի շարք կազմակերպություններ, որոնք ԱԻՆ ՊՀՏԱ տեսչության անվան տակ այցելում են հիմնարկ-ձեռնարկություններ ու բնակարաններ և անմիջականորեն նպաստում կոռուպցիոն ռիսկերի բարձրացմանը։ - ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները կրում են ԱԻՆ համազգեստ և օբյեկտներում ստուգումներ իրականացնելիս պարտադիր ներկայացնում ԱԻՆ աշխատակցի վկայականը,- հիշեցրեց ՊՀՏԱՏ պետը,- վերջերս մեր տեսուչներն ապահովվել են նաև հատուկ բջջային հեռախոսներով, որոնց օգնությամբ նկարահանում և ուղիղ կապով ՃԿԿ են փոխանցում հրդեհի վայրի զննության ընթացքը: Տեսանյութն արխիվացվում է, ինչի շնորհիվ չարաշահումները բացառվում են: Ա. Մկրտչյանը հայտնեց նաև, որ վերջերս դրական միտում է նկատվում անվտանգության կանոնների հանդեպ ցուցաբերված ուշադրության առումով: Տարբեր կազմակերպությունների անվտանգության պատասխանատուներ դիմում են տեսչությանը` խնդրելով աջակցել իրենց տարածքներում հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների ապահովման հարցերում:

Նմանատիպ նյութեր