211652_close_icon
views-count1865 դիտում article-date 13:01 22-05-2014

2014թ. մասնավոր ծախսումների և ՀՆԱ-ի ճեղքը կշարունակի մնալ բացասական. ՀՀ կառավարության եզրակացություն

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կենտրոնական բանկի 2013թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությանը: Փաստաթղթում 2013թ. մակրոտնտեսական կայունությունը խաթարող ներքին և արտաքին ռիսկերից առանձնացվել է համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական աճի տեմպի դանդաղումը, էներգակիրների թանկացումը, օտարերկրյա և ներքին ներդրումների կրճատումը, վարկավորման աճի տեմպի դանդաղումը, որոնք իրենց դերն են ունեցել գնաճի կառավարելիության հարցում: Սակայն հարկաբյուջետային և դրամավարկային համակարգված քաղաքականության շնորհիվ չի խաթարվել մակրոտնտեսական կայունությունը. 2013թ. 12-ամսյա գնաճը եղել է 5.6 տոկոս՝ գրեթե համընկնելով տատանման թույլատրելի միջակայքի վերին սահմանին, միաժամանակ արձանագրվել է 3.5 տոկոս տնտեսական աճ: Հաջորդ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել ՀՀ ԿԲ 2014թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությանը: Փաստաթղթում նշվել է, որ 2014թ. մասնավոր ծախսումների և ՀՆԱ-ի ճեղքը կշարունակի մնալ բացասական, ուստի ՀՀ ԿԲ-ն պետք է առավել ճկունություն ցուցաբերի տնտեսական ակտիվության խթանման ուղղությամբ: Ներկայիս ցածր տնտեսական ակտիվության, ցածր գնաճային միջավայրի և հարկաբյուջետային քաղաքականության թույլ խթանող ազդեցության պայմաններում դրամավարկային քաղաքականության ծրագրում ՀՀ ԿԲ-ի կողմից առաջարկվող թույլ ընդլայնման մոտեցումը ճշգրտման կարիք ունի. այն պետք է լինի տնտեսական զարգացմանը համահունչ և հնարավորինս ընդլայնող:

Նմանատիպ նյութեր