211652_close_icon
views-count1290 դիտում article-date 15:00 19-05-2014

Հարգանքի տուրք` Պոնտոսի հույների հիշատակին

Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ խմբակցության պատգամավորներ, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տաիսը, հոգեւոր դասի եւ Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչներ այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին։ Ներկաները լռությամբ ու խոնարհումով հարգեցին 1915-1923թթ. Փոքր Ասիայի տարածքում Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը։ Արթիկի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստի արարողություն։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր խոսքում նշելով, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են Փոքր Ասիայի տարածքում Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված եւ կազմակերպված քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ ցեղասպանության դատապարտման ուղղությամբ, ասաց, որ 2011թ. ապրիլի 24-ին Հայաստանի Ազգային ժողովը հանդես է եկել կոչով, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլեւ հույն եւ ասորի ժողովուրդների։ Էդուարդ Շարմազանովի հավաստմամբ՝ օրվա խորհուրդը ապրելու եւ պայքարելու մեջ է։ «Մենք պետք է պայքարենք հանուն մարդու իրավունքների պաշտպանության եւ պատմական արդարության վերականգնման»,-ասաց ԱԺ փոխնախագահը։ ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տաիսը նույնպես դատապարտեց Օսմանյան Թուրքիայի կողմից Փոքր Ասիայի տարածքում հայերի եւ Պոնտոսի հույների նկատմամբ 1915-1923թթ. կազմակերպված եւ իրականացված ցեղասպանությունը, նշեց, որ Հունաստանի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել է հայերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունը։ Երեւանի «Իլիոս» հասարակական կազմակերպության նախագահ, հունական համայնքի ներկայացուցիչ Սլավա Ռաֆաելիդիսը նշեց, որ պետք է պահանջատեր լինել եւ միասնական պայքարել պատմական արդարությունը վերականգնելու համար։

Նմանատիպ նյութեր