1906 դիտում
18:44 08-05-2014
Արցախյան հերոսամարտը գրերի գյուտից հետո հայոց պատմության երկրորդ ոսկեդարն է. զոհված ազատամարտիկի մայր
Մայիսի 8-ին՝ Եռատոնի նախօրեին, «Ապրելու բանաձև» ծրագրի շրջանակներում Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում հանդիպում էր կազմակերպվել զոհված ազատամարտիկ Աշոտ Չախոյանի մայր Գոհար Մարտիկյանի հետ։
«Ապրելու բանաձև» ծրագիրն իրականացնում է «Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Այն դրամաշնորհի է արժանացել «Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի մերօրյա հերոսները» անվանակարգում։
Գոհար Մարտիկյանի վերջին 12 տարիների աշխատանքը նվիրված է արցախյան գոյամարտում զոհված հայորդիների ամփոփ կենսագրական մատենաշարի ստեղծմանը։ Եվ նախագահի դրամաշնորհի շրջանակներում կրթական հաստատություններում, զորամասերում, տարբեր լսարաններում հանդիպելով երիտասարդների ու պատանիների հետ` մատենաշարի հեղինակը նրանց հաղորդակից է դարձնում Արցախյան ազատամարտի տարեգրությանը, զոհված ու ապրող հերոսների կենսագրությանը։
Տիկին Մարտիկյանը նշում է, որ երիտասարդների հետ հանդիպումների արդյունքում նկատել է, որ Արցախյան պատերազմի մասին հետաքրքրությունն անչափ մեծ է։ «Անդրադառնալով յուրաքանչյուր հերոսի ապրելու բանաձևին՝ ես ջանում եմ տալ պատմական անցյալից մինչև մեր օրերը հաղթանակի բերող այն տրամադրվածությունը, որը տարավ տղաներին կռվի դաշտ։ Արցախյան պատերազմը լոկ հերոսամարտ չէ։ Այն գրերի գյուտից հետո հայոց պատմության երկրորդ ոսկեդարն է»,- հանդիպման ընթացքում նշեց Գոհար Մարտիկյանը։
Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը նշեց, որ թեև իրենց հիմնական գործառույթը մասնագիտական կրթություն իրականացնելն է, սակայն ուսումնական գործընթացում մեծ տեղ են հատկացնում նաև երեխաների հայրենասիրական դաստիարակությանը։ Նա կարևորեց քոլեջի սաների հանդիպումը հատկապես Գոհար Մարտիկյանի հետ, քանի որ մեր երեխաները պետք է տեսնեն ու շփվեն այն մայրերի հետ, ովքեր ծնել են այն հերոս տղաներին, ում շնորհիվ մենք այսօր ապրում ենք, աշխատում ու սերունդ մեծացնում։
«Ապրելու բանաձև» ծրագրի վերջնական արդյունքը կդառնա Արցախյան գոյամարտում զոհված հերոսների կենսագրական մատենաշարի հերթական հատորյակի լույս ընծայումը, որի մեջ կամփոփվեն վերջին շրջանում Գոհար Մարտիկյանի՝ Արցախ կատարած գործուղումների, այցերի արդյունքները։ Հատորյակում կներկայացվեն Շուշիի ազատագրումը, Քարին տակի հերոսամարտը։ Հերոսների կյանքն ամփոփող հատորյակը լույս ընծայումից հետո կտրամադրվի զորամասերին, կրթական հաստատություններին, գրադարաններին ու ընթերցասրահներին։
Նմանատիպ նյութեր
766 դիտում
09:48 19-11-2023
1988-2018 թթ. հայոց նորագույն պատմության Ոսկեդարն էր, իսկ 2018-ից սկսած՝ ամոթի․ Էդուարդ Շարմազանով
2774 դիտում
17:42 15-01-2016
Մատենադարան տանող ճանապարհը ձևավորվել է «Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆով
Այս բաժնից
697 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
589 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
793 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am