211652_close_icon
views-count2616 դիտում article-date 21:08 30-04-2014

Ո՞ւմ վրա էր հաչում սև շունը

Ավտոմեքենայի ստեղծման օրվանից գիտնականներին հետաքրքրել է մի հարց, որն այդպես էլ լիարժեք բացատրություն չի ստացել: Երբ առաջին ավտոմոբիլները դուրս եկան փողոց, մարդիկ և հատկապես երեխաները զարմանք, վախ և ուրախություն արտահայտող ճիչերով, աղաղակներով վազում էին դրանց կողքից ու հետևից: Նրանց օրինակով ավտոմոբիլիների կողքից ու հետևից վազում էին նաև շները: Ներկայում երեխաները չեն վազում ավտոմեքենաների հետևից: Սակայն շները շարունակում են վազել ու բարձր հաչել ավտոմեքենաների վրա: Հարցը, որը հետաքրքրում է 100 տարուց ավելի, հետևյալն է. Ինչո՞ւ և, որ ոչ պակաս կարևոր է, ու՞մ վրա են հաչում շները, երբ նրանց կողքով անցնում է ավտոմեքենան: Սկզբում շրջանառվել է վարկած, թե շունը մեքենան շփոթում է մեծ կենդանու հետ և նրա վրա հաչելով ուզում է ցույց տալ, որ սա իր տարածքի սահմանն է: Այս վարկածը մինչ օրս ոչ հերքվել, ոչ էլ ապացուցվել է: Հաջորդ վարկածով ենթադրվում էր, որ շունը թշնամացած է ավտոմեքենայի վրա, քանի որ լսել կամ տեսել է, թե ինչպես են ավտովթարից սատկել իր ընկերը, բարեկամը: Եվ այդ պատճառով հաչում է ավտոմեքենայի վրա: Այս վարկածը նույնպես չի հերքվել կամ հաստատվել, քանի որ շան հիշողության կամ տեղեկություն ստանալու մասին ստույգ ապացույցներ դեռ չկան: Առաջադրվել է վարկած, թե շունը ավտոմեքենայի հռնդյունը ընկալում է որպես վիրավորանք և պարազապես հակադարձաբար հայհոյանք է տեղում ավտոմեքենայի հասցեին: Սա թերևս ամենաբարդն է, քանի որ առընչվում է կենդանու կողմից մեքենայի ձայնի ըմբռնմանը: Այդ պատճառով սա ամենաչուսումնասիրված վարկածն է: Տեսակետ կա, թե ավտոմեքենայի հետ շունը ընդհանրություն է տեսնում և փորձում է հաղորդակցություն ապահովել: Ընդհանրությունն այն է, որ մեքենան շան նման հորիզոնական դիրք ունի, իսկ 4 անիվները նման են կենդանու 4 ոտքերին: Այսպիսով մեքենան իրեն նմանեցնելով, շունը փորձում է զրույցի բռնվել, բայց արժանանալով արհամարական վերաբերմունքի, վրդովվում ու սկսում հաչալ: Միջնադարյան սնոտիապաշտական ժամանակներում սև շունը առանձնակի վախ էր ներշնչում: Այդ սնոտիապաշտական իներցիայով առաջնորդվող մարդիկ այսօր վախենում են, երբ իրենց մեքենայի վրա հաչում է սև շունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շան մորթու գույնը որոշիչ չէ շուն-մեքենա հարաբերություններում: Այդ առումով սև շունը մեքենայի վրա հաչում է նույն առոգանությամբ, ինչ սպիտակ, մոխրագույն կամ շեկ շունը: Ի մի բերելով բոլոր վարկածները, կարելի է ենթադրել, որ ինչ-որ ժամանակ անհայտ հետաքրքրություններով առաջնորդվող անհայտ ուժեր թյուրիմացության մեջ են գցել շանը, նրան ներշնչելով, որ մեքենան է նրա սոցիալակն դժբախտությունների պատճառը, նրա թշնամին, սպառնում է խլել նրա ոսկորը, տիրանալ տարածքին և այլ չարություններ անել: Իսկ հռնդյունը նշանակում է, որ վատություն անելու հարցում վճռական է: Խեղճ շունն էլ ենթարկվելով այս մանիպուլիացիային մինչ օրս հաչում և ամբողջ մաղձը թափում է իր կողքով անցնող ավտոմեքենայի վրա: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր