Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում առաջին անգամ հաջողությամբ կիրառվել է ցավազրկող նոր դեղամիջոց
Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում կատարված վիրահատության ժամանակ առաջին անգամ հաջողությամբ կիրառվել է անգլիական դեղագործական ընկերության արտադրության ցավազրկող նոր դեղամիջոց՝ «Սևոֆլուրան»: Այն իրականացվել է ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով Արցախում գտնվող ՀՀ ԱՆ գլխավոր անեսթեզիոլոգ և ռեանիմատոլոգ Անատոլի Գնունու գլխավորությամբ:
Հիմնականում մանկական վիրահատությունների մեջ կիրառվող այդ նոր ու անվտանգ դեղամիջոցի կիրառումն Արցախում մեծ ապագա ունի: Մասնագետի հաղորդմամբ, Արցախ կժամանի նաև այդ դեղագործական ֆիրմայի ներկայացուցիչը, ով իր հետ բերելու է նաև հատուկ սարք, որը վերոնշյալ դեղամիջոցի հետ միասին հնարավորություն կտա առավելագույնս անվտանգ ու որակյալ դարձնել մանկական ցավազրկումները:
«Մեր այցելության նպատակներից է նաև՝ արցախյան մեր գործընկերների հետ բժշկական ժամանակակից մեթոդների, նոր ու անվտանգ դեղորայքի կիրառման մասին տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև առաջավոր փորձի փոխանակումը»,-մանրամասնել է Անատոլի Գնունին: