Գյումրիում նշվել է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրը
                        Այսօր` ապրիլի 27-ին Գյումրիում նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրը:  Հոբելանյական միջոցառումների մեկնարկը տրվեց բանաստեղծի ծննդավայրում` Գյումրիում` այսպիսով  ազդարարելով «Շիրազյան տարվա»  սկիզբը: 
Միջոցառումների մեկնարկը տրվեց  Շիրազի հուշատուն-թանգարանի բակում ծաղիկներ դնելով, որին մասնակցում էր նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:  Այնուհետև տեղի ունեցավ  մեծանուն բանաստեղծի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և  իր խոսքում նշեց, որ նման մեծանուն բանաստեղծի  ծննդավայրում ապրելն արդեն մեծ պատիվ է յուրաքանչյուր գյումրեցու համար:  Քաղաքապետը խոսեց նաև մեծ գյումրեցու թողած հարուստ ժառանգության մասին, ինչպես նաև պատմեց դրվագներ վերջինիս կյանքից: 
Հոբելյանական միջոցառումները կշարունակվեն ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարվա ընթացքում: Նախատեսվում է նաև հոբելյանական հիշատակի երեկոների անցկացում Գյումրիում և Երեւանում, Շիրազի գրավոր ժառանգության հանրային շնորհանդեսների կազմակերպում, գրողի երկերի լիակատար ժողովածուի հրատարակում, փաստագրական ֆիլմի նկարահանում, Շիրազին նվիրված միջոցառումների, ցուցահանդեսների, գրական ցերեկույթների, դպրոցական շարադրությունների  մրցույթի կազմակերպում և այլն: 
Միջոցառմանը ներկա էին նաև Հովհաննես Շիրազի զավակներ Աստղիկ և Վանանդ Շիրազները:
                                            
                    
                                            
                        
            

