9670 դիտում
12:30 15-04-2014
«Կարմիր բլուր» գերեզմաններին հարակից չգործող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Չարբախ թաղամասի «Կարմիր բլուր» արգելանոցի հարևանությամբ գտնվող չգործող ջրատարում տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Վահան Մամիկոնյանը և նույն բաժնի քննիչ Արտակ Կարապետյանը: Ոստիկանների կանչով դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատը, ովքեր պետք է պատգարակով դին դուրս բերեն չգործող ջրատարից և հանձնեն դիահերձարանի աշխատակիցներին:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Երևան քաղաքի Մարգարյան 18 շենքի բնակիչ, 57-ամյա Արշակ Նալբանդյանն էր, ով ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր ապրիլի 14-ից:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մահացածն աշխատում էր Երևանում գործող տաքսի ծառայություններից մեկում՝ որպես վարորդ և օրեր առաջ Հալաբյան փողոցում վթարի էր ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց, սակայն հետո հիվանդանոցն ինքնակամ լքել էր: Մի քանի հոգի էլ ասում էին, որ վթարի օրը նա զանգահարել է տաքսի ծառայություն և հայտնել, որ ինքնազգացողությունը վատ է, քունը տանում է և չի կարող ավտոմեքենա վարել, սակայն ծառայությունից ագահի նման հորդորել են, որպեսզի նա շարունակի աշխատել, ու եթե վարորդին չստիպեին այդ վիճակում ավտոմեքենա վարել, ապա վթար տեղի չէր ունենա:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+