211652_close_icon
views-count1798 դիտում article-date 12:56 12-04-2014

Հայտնի են «Նռենի» երգի ամենամյա միջբուհական փառատոնի հաղթողները

Ապրիլի 11-ին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվեց «Նռենի» ամենամյա երգի միջբուհական փառատոնը։ Այն նվիրված էր բուհի ուսխորհրդի 20-ամյակին։ Տարբեր բուհերից նախընտրական փուլն անցել ու փառատոնի եզրափակիչ էր հասել 16 ուսանող։ Երգի փառատոնի ժյուրիի կազմում էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Արզաս Ոսկանյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Յուրի Հարությունյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի պրոֆեսոր, երգիչ Հենրիկ Սիմոնյանը, «The Beautified Project» խմբի մեներգիչ, մի շարք հեռուստանախագծերի հեղինակ, պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը և ՀՊՄՀ մշակույթի կենտրոնի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արկադի Շեկունցը: Ուսանող երգիչները ներկայացրին տարբեր ժանրերի երգեր։ Թեժ պայքարի արդյունքում հեղինակավոր ժյուրին ընտրեց հաղթողներին. 1-ին հորիզոնականը զբաղեցրեց ՀՊՄՀ հատուկ կրթության ֆակուլտետի «Լոգոպեդիա» բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Տաթևիկ Այվազյանը, 2-րդ տեղում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Էլիզաբեթ Ադիկյանը, իսկ 3-րդ հորզոնականը կիսեցին ՀՊՄՀ ուսանող Վարդան Գալստյանը և Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Օֆելյա Սահակյանը։ Հատուկ մրցանակի արժանացավ Վանուհի Հովհաննիսյանը (Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա)։ ՀՊՄՀ մշակույթի կենտրոնի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արկադի Շեկունցն ուրախալի համարեց այն փաստը, որ տարբեր մասնագիտություններ ունեցող ուսանողներն այսօր զբաղվում են երաժշտությամբ։ ՀՊՄՀ ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանն էլ նշեց, որ մշակութային նման ծրագրերն ավելի հետաքրքիր ու բազմազան են դարձնում ուսանողների արտալսարանային կյանքն ու ակտիվացնում են միջբուհական շփումները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր