2326 դիտում
14:25 09-04-2014
Հարցազրույց՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. ilur.am
[url=http://www.ilur.am/news/view/27744.html]ilur.am[/url]-ի թղթակիցը զրուցել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ.
[b]– Պարոն նախագահ, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի հրաժարականի փաստը։ [/b]
– Վերանալով վարչապետի անձից, նրա հրաժարականը նախ եւ առաջ պետք է գնահատել որպես պատմական տարողության մի իրադարձություն, որի կարեւորությունն, իմ տպավորությամբ, դեռեւս բավարար չափով չի գիտակցվել հասարակության եւ նույնիսկ քաղաքական շրջանակների կողմից։ Անկախության շրջանում առաջին անգամ մեր երկրում կառավարության փոփոխություն է տեղի ունեցել ընդդիմության ճնշման արդյունքում։ Հետեւաբար, բոլոր այն խոսակցությունները, թե Հայաստանում սահմանադրական ճանապարհով որեւէ բան փոխել հնարավոր չէ, հօդս են ցնդում։ Իսկ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը ոչ այլ ինչ է, եթե ոչ ժողովրդավարական երկրներում կիրառվող սահմանադրականության սովորական մեխանիզմ։
[b]– Դուք ասացիք, որ կառավարության փոփոխությունը փաստորեն պարտադրվել է ընդդիմության կողմից, մինչդեռ իշխանությունները պնդում են, թե վարչապետը պաշտոնից ինքնակամ հրաժարվել է իր դիմումի համաձայն, իսկ որոշ քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ էլ նրա հրաժարականի այլ պատճառներ են մատնանշում։
[/b]
– Իշխանությունների պնդումները պատկանում են հեքիաթի ժանրին եւ սեփական դեմքը փրկելու ճիգից բացի որեւէ այլ բան չեն նշանակում, իսկ Ձեր նշած քաղաքական գործիչների ու վերլուծաբանների բերած պատճառներն, ընդամենը, միտված են խորհրդարանական ընդդիմության դերը նսեմացնելուն։ Վարչապետի հրաժարականն արդյունք է բացառապես Ազգային Ժողովի չորս ընդդիմադիր խմբակցությունների կողմից այդ հարցով ստորագրահավաք սկսելու եւ շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպելու վերաբերյալ համատեղ կայացված որոշման։ Ուստի միանգամայն զուր են այլեւայլ ձեռնածություններով ժողովրդին մոլորեցնելու էժանագին հնարքները։
[b]– Քառյակի որոշումը մի՞թե բավարար էր եւ արդյո՞ք շուրջօրյա հանրահավաքներն այդքան լուրջ սպառնալիք էին, որպեսզի Սերժ Սարգսյանը ժամանակից շուտ ընկրկեր ու թոշակի ուղարկեր վարչապետին։
[/b]
– Անշուշտ այդպես էր, որովհետեւ իշխանությունները չէին կարող չհասկանալ (իսկ Սերժ Սարգսյանը, ինչ-ինչ, բայց հաշվել գիտի), որ եթե մարտի 1-ին Կոնգրեսին հաջողվեց երեսունհազարանոց հանրահավաք գումարել, ապա քառյակի կողմից կազմակերպված շուրջօրյա հանրահավաքների պարագայում այդ թիվը կարող էր եռապատկվել, հնգապատկվել կամ նույնիսկ տասնապատկվել` ո՛չ ամենեւին չորս ուժերի համակիրների թվաբանական գումարի, այլ սիներգիայի օրենքի ներգործությամբ, երբ երկուսին գումարած երկուսը ոչ թե չորս է, այլ տաս, քսան, եւ անգամ ավելին։
[b]– Իսկ բացի քառյակի գործոնից, վարչապետի հրաժարականի հարցում, Ձեր կարծիքով, ի՞նչ դեր են խաղացել քաղաքացիական շարժումները, մասնավորապես, «Դեմ եմ» նախաձեռնությունը։
[/b]
– Երկրում իրական փոփոխությունների իրականացման գործում քաղաքացիական շարժումների դերը եւ քաղաքական ու քաղաքացիական ուժերի համագործակցության կարեւորությունը ես հիմնավորապես գնահատել եմ իմ վերջին հրապարակային ելույթում։ Ուստի անժխտելի է, որ հասարակական ակտիվության առումով քաղաքացիական գործոնն էլ տվյալ հարցում որոշ դեր խաղացել է, բայց միայն անուղղակիորեն, քանի որ, ինչպես հայտնի է, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ուղղված շարժումը, ձգտելով զերծ մնալ իր հետապնդած խնդրի քաղաքականացումից, երբեւէ վարչապետի հրաժարականի պահանջ չի ներկայացրել։
[b]– Կարելի՞ է, արդյոք, զուգահեռներ անցկացնել Ուկրաինայում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների միջեւ։
[/b]
– Զուգահեռներն, իմ կարծիքով, բոլորովին անտեղի են։ Ուկրաինական իրադարձությունները կապված են Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ այդ երկրի քաղաքական կողմնորոշման «հավերժական» երկընտրանքի հետ։ Այդպիսի երկընտրանքի առջեւ Ուկրաինան կանգնած է եղել Բոգդան Խմելնիցկու ժամանակներում, Պետլյուրայի օրոք եւ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Նույնը տեղի է ունենում այսօր եւ դեռեւս շարունակվելու է ապագայում։ Մինչդեռ Հայաստանում քաղաքական առումով, շեշտում եմ, քաղաքական, այլ ոչ թե արժեքային կամ մշակութային առումներով, հատուկենտ անհատներից ու լուսանցքային տարրերից բացի, արեւմտամետ ուժեր գոյություն չունեն։ Եթե ունենային, ապա քսան-երեսուն հոգիանոց բողոքի ցույցերի փոխարեն վաղուց բազմազանգված Մայդան կկազմակերպեին։ Սեպտեմբերի 3-ից ավելի քան յոթ ամիս է անցել, իսկ Մայդան այդպես էլ չկա ու չկա։ Հայաստանյան իրադարձություններն, ըստ այդմ, ի տարբերություն Ուկրաինայի, կապված են ոչ թե արտաքին, այլ բացառապես ներքին խնդիրների, ավելի ճիշտ, ատելի ավազակապետական ռեժիմից ազատվելու միակ խնդրի հետ, որը գոյություն է ունեցել սեպտեմբերի 3-ից շատ առաջ, ամենեւին առնչություն չունենալով Եւրոասոցացումից դեպի Եւրասիացում կատարված կտրուկ շրջադարձի հետ։
[b]– Այսպես կոչված արեւմտամետները հենց Հայ Ազգային Կոնգրեսին եւ մասամբ նաեւ Բարգավաճ Հայաստանին են մեղադրում Սերժ Սարգսյանի կողմից այդպիսի շրջադարձ կատարելու հարցում, իրողությունն այնպես ներկայացնելով, թե իբր վերջինս անկեղծորեն ձգտում էր ընթանալ Եւրոինտեգրման ճանապարհով, բայց այդ ուժերը դավադրաբար նրան մղեցին Ռուսաստանի գիրկը։
[/b]
– Հիրավի սպանիչ, բայց, պետք է խոստովանել, միաժամանակ հանճարեղ մեղադրանք` նկատի առած մանավանդ այն հանգամանքը, որ նույն այդ մարդիկ երկու տարի շարունակ գիշեր-ցերեկ հայտարարում էին, թե Կոնգրեսը մեռած է, նա այլեւս գոյություն չունի, իսկ Բարգավաճ Հայաստանն ընդհանրապես քաղաքական գործոն չէ։ Տվյալ պարագայում հարց է առաջանում, թե այդ ինչպես պատահեց, որ մեռած Կոնգրեսը եւ որպես քաղաքական գործոն գոյություն չունեցող Բարգավաճը կարողացան Սերժ Սարգսյանին ստիպել անդամակցելու Մաքսային միությանը, իսկ կենդանի արեւմտամետների հզոր բանակը ի զորու չեղավ ազդելու վերջինիս վրա եւ նրան տանելու Եւրոասոցացման ճանապարհով։
[b]– Անձամբ Ձեզ ոմանք մեղադրում են նաեւ մարտի 1-ի հանրահավաքում արած այն հայտարարության համար, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլեւս անշրջելի է, իսկ Եւրոինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին։
[/b]
– Նույնն է, թե ասեի, որ երկրագունդը պտտվում է արեգակի շուրջ, ու դրա համար ինձ մեղադրեին։ Ընդդիմախոսներիս համար իմ պնդման հերքումը, կարծում եմ, որեւէ դժվարություն չպիտի ներկայացնի։ Ինձ ամոթով թողնելու համար ընդամենը բավական է, որ նրանք պարզապես շրջեն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը կամ գոնե հասարակությանը ներկայացնեն դրա շրջելիության հստակ ու համոզիչ ծրագիրը։
[b]– Ոմանք էլ, համաձայնելով հանդերձ, որ Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը իսկապես անշրջելի է, միեւնույն է, Հայ Ազգային Կոնգրեսին կշտամբում են, թե ինչու նա չկարողացավ այնպես անել, որ այդ գործընթացն անշրջելի չդառնա։
[/b]
– Համաձայնեք, որ սա արդեն նմանվում է «Բա խի գլխարկ չես դրել» բնույթի անհեթեթության, քանի որ այդպիսի կշտամբանք թերեւս կարելի էր հասցեագրել ում ասես, բայց ոչ երբեք Հայ Ազգային Կոնգրեսին, որը վեց տարի շարունակ գնդակոծվելու, հալածանքների ենթարկվելու, զնդանների դատապարտվելու գնով արել է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը դառնա օրինակարգ իշխանություններով օժտված, հարեւանների հետ հաշտ ու խաղաղ ապրող, կենսագոյության ու զարգացման այլընտրանքներ ունեցող արժանապատիվ պետություն, ինչը նրան թույլ կտար երբեւիցե չկանգնելու արտաքին ուժերի միջեւ հարկադրական ընտրություն կատարելու փաստի առջեւ։
[b]– Շատ լավ, իսկ այժմ վերադառնանք վարչապետի հրաժարականից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին, սկսելով այն հարցից, թե Ձեր կարծիքով, այսուհետեւ ինչպիսի ռազմավարություն է ընտրելու Սերժ Սարգսյանը։
[/b]
– Կառավարության փոփոխությամբ Սերժ Սարգսյանի ռազմավարությունն ամենեւին չի փոխվելու եւ ինչպես նախկինում շարունակելու է հետապնդել մինչեւ իր ժամկետի ավարտը պաշտոնավարելու, իսկ դրանից հետո հավատարիմ ժառանգորդ կարգելու կամ փոփոխված սահմանադրության ընձեռած լայն լիազորություններով վարչապետի պաշտոնն զբաղեցնելու միջոցով իր իշխանությունը եւս տասը տարով երկարաձգելու նպատակը։
[b]– Իսկ որո՞նք կարող են լինել այդ նպատակին հասնելու համար Սերժ Սարգսյանի կողմից ձեռնարկվելիք մարտավարական քայլերն ու հնարքները։
[/b]
– Վարչապետի պաշտոնում քիչ թե շատ ընդունելի թեկնածություն առաջարկելու եւ դրանով հանրային դժգոհության ալիքը մեղմելու, ընդդիմությանը պաշտոններով գայթակղելու ու նրա շարքերում պառակտումներ առաջացնելու միջոցով ժամանակ շահել եւ սեփական դիրքերն ամրապնդելուց հետո հեշտուհանգիստ անցնել վերոհիշյալ ծրագրի իրականացմանը։ Ավելորդ եմ համարում մանրամասնել, քանի որ այս հարցին հագամանորեն անդրադարձել է Հրանտ Տեր-Աբրահամյանի հեղինակած եւ ձեր կայքում տեղադրված խմբագրականը (iLur.am. 7.04.2014)։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք [url=http://www.ilur.am/news/view/27744.html]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
1564 դիտում
11:20 19-06-2023
Կիլիկյան Հայաստանի երկարակեցության գաղտնիքը. Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը․ Ilur.am
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1180 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1006 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը