211652_close_icon
views-count4704 դիտում article-date 22:42 05-04-2014

Երիտասարդների խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է միջգերատեսչական համագործակցություն.

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով եռօրյա համաժողովի ընթացքում ապրիլի 5-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը ներկայացրին ՀՀ երիտասարդական պետական քաղաքականությունը, երիտասարդների հիմնախնդիրները։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը մանրամասն ներկայացրեց հիմնադրամի կառուցվածքը, ծրագրային ուղղությունները, առանձին մեծամասշտաբ ծրագրերը։ ՀԵՀ գործադիր տնօրենը նշեց, որ հիմնադրամն իր դահլիճներն անվճար տրամադրում է երիտասարդական կազմակերպություններին։ Հիմնադրամն իր մարզային կենտրոններով նպաստում է մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացմանը։ Մասնավորապես, 2013թ. սկսած՝ մարզային կենտրոններն իրականացրել են մոտ 200 ծրագիր։ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում իրականացվել է 90 երիտասարդական ծրագիր, այս կենտրոն ընդհանուր առմամբ այցելել է 15000 երիտասարդ։ Այստեղ են կազմակերպվում նաև երիտասարդների հանգստի ծրագրերը։ Պարոն Տեր-Հովակիմյանը խոսեց Երիտասարդ գիտնականների աջակցության, ուսանողների կրթաթոշակների փոխհատուցման, կամավորների զարգացման ծրագրերի, ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային ծրագրերի մրցույթների անցկացման մասին։ Համաժողովի հաջորդ բանախոսը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, կարևորեց լրագրողների համար նախատեսված համաժողովի աշխատանքները, քանի որ նկատվում է որոշակի մասնագիտական հմտություններ պահանջող վերլուծությունների, նյութերի պահանջ։ Խոսելով պետական երիտասարդական քաղաքականության ուղենիշների մասին՝ պարոն Քարամյանն ընդգծեց, որ նախարարությունն իր քայլերը կառուցում է փաստարկված քաղաքականության տեսքով։ Այդ իսկ պատճառով նախարարության կազմի մեջ հիմնվեց երիտասարդական ուսումնասիրությունների կենտրոն, որի միջոցով եռամսյա, կիսամյակային և տարեկան կտրվածքով համապատասխան ուսումնասիրություններ են կատարվում, և դրանց համադրման միջոցով վեր են հանվում երիտասարդներին հուզող ամենատարբեր խնդիրներ։ Փոխնախարարը Հայաստանի երիտասարդների համար առանձնացրեց 3 կարևոր հիմնախնդիր՝ զբաղվածություն, որակյալ կրթության ստացում և սոցիալական խնդիրներ։ Ընդ որում, ըստ նրա՝ այդ հիմնախնդիրները նույնական են ամբողջ աշխարհում։ Արսեն Քարամյանն ընդգծեց, որ այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է միջգերատեսչական համագործակցություն։ Արսեն Քարամյանը տեղեկացրեց նաև, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կառավարությանը ներկայացրել է մարզաբնակ երիտասարդ ընտանիքներին բիզնես վարկեր տրամադրելու ծրագիր: Ըստ ծրագրի՝ այդ ընտանիքները վարկեր կստանան շուկայում էականորեն տարբերվող, արտոնյալ պայմաններով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր