1704 դիտում
14:07 20-03-2014
Ինքնորոշման դեպքերը ողջունելի են, բայց Արցախի ապագան կախված է մարտունակությունից և զարգացումից. ԼՂՀ վարչապետ
Մարտի 18-ին և 19-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելեց Շահումյանի և Մարտակերտի շրջանների մի շարք համայնքներ՝ տեղի ղեկավարների՝ 2013 թ. գործունեության հաշվետվություններին ներկա գտնվելու և բնակիչների հետ հանդիպելու համար:
Քարվաճառ քաղաքի համայնքապետն իր հաշվետվության մեջ անդրադարձավ նախորդ տարվա ձեռքբերումներին՝ շեշտադրելով ՀԲԸՄ և պետբյուջեի միջոցներով կառուցված նոր ջրագիծը և բնակչության մոտ 3 տոկոսանոց բնական աճը: Առկա խնդիրներից նա առանձնացրեց մանկապարտեզի բացակայությունն ու ճանապարհների անբարեկարգ վիճակը:
Վարչապետը, ընդգծելով Քարվաճառի ռազմավարական նշանակությունը ողջ հանրապետության համար, նշեց, որ կատարված մեծածավալ աշխատանքներից հետո ոմանց մոտ առկա կասկածները շրջանի քաղաքական ապագայի վերաբերյալ ցրվեցին: Այդ աշխատանքների շարքում, վերաբնակիչներին աջակցող բազմաթիվ ծրագրերից բացի, Ա. Հարությունյանը մատնանշեց դպրոցի նոր շենքի և ջրագծի կառուցումը, ինչպես նաև Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական մայրուղու կառուցման արդեն սկսված աշխատանքները: Անդրադառնալով շրջանի ներուժի օգտագործման և էներգետիկ կարիքների լիարժեք բավարարման խնդրին՝ կառավարության ղեկավարը հայտնեց, որ օգտագործվելու են շրջանի ջրային հարուստ ռեսուրսները՝ ՀԷԿ-երի միջոցով էներգիա արտադրելու նպատակով: Նա նաև տեղեկացրեց, որ շուտով կսկսվի Վարդենիս-Հաթերք բարձրավոլտ էլեկտրական օդային գծի կառուցումը, որը կանցնի Քարվաճառ քաղաքով, և, համաձայն նախագահի հանձնարարականի, դրան զուգահեռ կկատարվեն Վարդենիս-Քարվաճառ կարճ ճանապարհի հողային բարեկարգման աշխատանքները: Վերջինս հատկապես Քարվաճառի բնակիչների համար կդառնա Վարդենիս-Մարտակերտ մայրուղու այլընտրանքային ճանապարհ: Բնակարանաշինության վերաբերյալ հարցերին ի պատասխան՝ Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ շուրջ մեկ տարուց կսկսվեն շրջաններում բնակարանաշինությունը խթանող հիփոթեքային ու պետական աջակցության ծրագրեր:
Վարչապետն այցելեց Քարվաճառի հիվանդանոց և նորակառույց դպրոց՝ ծանոթանալու շենքային պայմաններին: Նա տեղեկացրեց, որ շուտով հանձնարարական կլինի` սկսելու հիվանդանոցի շենքի կապիտալ վերանորոգումը և վերազինումը, իսկ մանկապարտեզի խնդրի լուծման համար կառավարության ղեկավարը հանձնարարեց դպրոցի չօգտագործվող հատվածն առանձնացնել և տրամադրել մանկապարտեզին:
Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն, Նոր Բրաջուր և Նոր Վերին Շեն գյուղերի համայնքապետերը, բացի ընթացիկ աշխատանքներից, ներկայացրեցին նաև բնակիչների եկամտի հիմնական աղբյուրները և առկա հիմնախնդիրները: Նրանց խոսքով՝ գործում են քարամշակման և փայտամշակման արտադրամասեր, բնակչությունը զբաղվում է հիմնականում անասնապահությամբ և մեղվաբուծությամբ:
Հիմնախնդիրներից համայնքապետերն առանձնացրեցին բնակարանաշինությունն ու ջրամատակարարումը: Վերջին տարիներին զգացվող ծնելիության աճին զուգահեռ մեծացել է բնակարանային պայմանների բարելավման և նոր բնակարանների կառուցման պահանջարկը: Այդ խնդրի լուծումը, ըստ կառավարության ղեկավարի, տրվելու է հիփոթեքային և պետական աջակցության մեկնարկելիք ծրագրերի միջոցով: Իսկ այդ շրջանի գյուղերի, որոնք տեղակայված են գետերի ափերին, ջրամատակարարման խնդիրը փորձ կարվի լուծել գետերի ջրերը համապատասխան փոքր զտիչներով մաքրելու միջոցով:
Նոր Գետաշեն համայնքում, ի պատասխան Ղրիմի հանրաքվեի համատեքստում արցախյան հակամարտության լուծման հնարավորությունների վերաբերյալ հարցին, Ա. Հարությունյանը ընդհանուր առմամբ ողջունելի համարեց ինքնորոշման իրավունքի ցանկացած իրացում, ինչն ամրացնում է Արցախի անկախության իրավական հիմքերը: Մյուս կողմից, սակայն, նշեց, որ արցախահայությունն ավելի քան քսան տարի առաջ է ինքնորոշվել և իր իրավունքները պաշտպանել պատերազմում: Վարչապետի խոսքով՝ հաշվի առնելով աշխարհում տիրող բազմակի ստանդարտները, մենք պետք է ինքներս կերտենք մեր ապագան ու պետականությունը՝ առաջին հերթին մարտունակության, այնուհետև տնտեսական ու ժողովրդագրական զարգացման ճանապարհով:
Բնակիչների հետ հանդիպումներից հետո վարչապետը Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի մոտ հրավիրեց շրջանի բոլոր գյուղերի համայնքապետերի խորհրդակցություն, որի ժամանակ վերջիններս գործադիրի ղեկավարին հակիրճ տեղեկություններ հաղորդեցին իրենց համայնքներում տիրող վիճակի մասին: Ա. Հարությունյանը տվեց համապատասխան հանձնարարականներ` բարձրացված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև կոչ արեց համայնքապետերին Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի երկայնքով շինարարության թույլտվություններ չտալ՝ առանց գործադիրի հետ համաձայնեցնելու, որպեսզի հնարավոր լինի պահպանել հանրապետական նշանակության այդ ճանապարհի համապատասխան տեսքն ու որակը:
Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի ղեկավարը ներկայացրեց կատարված աշխատանքները՝ կարևորելով պետբյուջեի կողմից ֆինանսավորվող` խմելու ջրի համակարգի կառուցումը: Այն, ըստ գործադիրի ղեկավարի, շահագործման կհանձնվի մոտ օրերին: Ա. Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ այս տարվա ընթացքում կմեկնարկի հիվանդանոցի շենքի վերանորոգումը, ինչն առանցքային նշանակություն ունի թե՛ Գետավանի ու շրջակա գյուղերի, թե՛ կառուցվող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի համար:
Չափար համայնքի ղեկավարի հաշվետվության ժամանակ, որին ներկա էր նաև գյուղի բարերար Վարուժան Գրիգորյանը, ներկայացվեցին ոչ միայն համայնքային և պետական բյուջեների ֆինանսավորմամբ, այլ նաև Վ. Գրիգորյանի միջոցներով կատարված աշխատանքները: Ըստ հաշվետվության՝ բարերարի ֆինանսավորմամբ վերանորոգվել են համայնքային կենտրոնի, ակումբի, դպրոցի շենքերը, կառուցվել են ջրամատակարարման համակարգը, փրկարար ծառայության շենքը, հայրենական և արցախյան պատերազմների զոհերին նվիրված հուշարձանը, կառուցապատվել են ներհամայնքային ճանապարհները: Ամբողջությամբ ֆինանսավորվում է մանկապարտեզի աշխատանքը, ինչպես նաև իրագործվել են սոցիալական աջակցության մի շարք ծրագրեր: Վարչապետն իր խոսքում ողջունեց Վ. Գրիգորյանի հայրենանվեր գործունեությունը՝ այն համարելով արցախյան գյուղի զարգացման օրինակելի դեպք և կոչ արեց մնացած մեծահարուստներին` կիրառել այդ մոդելը սեփական գյուղերի բարգավաճման ճանապարհին:
Նմանատիպ նյութեր
1078 դիտում
21:15 03-04-2023
Վաղարշակ Հարությունյանը Սոչիի հայ համայնքի հետ խոսել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումից
Այս բաժնից
769 դիտում
17:34 23-11-2024
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները ահազանգում են «պուտինացման» վտանգի մասին
817 դիտում
17:20 23-11-2024
Ուկրաինան վերահսկում է Կուրսկում գրաված տարածքի 60 տոկոսը. Reuters
895 դիտում
16:13 23-11-2024
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»