211652_close_icon
views-count1355 դիտում article-date 09:32 12-03-2014

Բանանի թանկացման պատճառները․ ՀԺ

«Հայկական ժամանակ»֊ը գրում է. «Բանանի գինը Հայաստանում անցած տարվա վերջից սկսեց բարձրանալ։ Իսկ անցած հանգստյան օրերին կտրուկ թռիչք արձանագրեց եւ հիմա մեր խանութներում մեկ կգ բանանի գինն արդեն հազար դրամ է։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արամ Սահակյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ բանանի գնի բարձրացումը դեռ շաբաթներ առաջ գրավել է հանձնաժողովի ուշադրությունը, և իրենք որոշակի տեղեկատվություն են պահանջել բանանի ներկրմամբ զբաղվող «Քեթրին» ընկերությունից՝ հասկանալու համար, թե որն է ստեղծված իրավիճակի պատճառը։ Ըստ Արամ Սահակյանի, սպասվում է, որ այդ ընկերությունից իրենց պահանջած տեղեկատվությունը կստացվի առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում։ «Քեթրին»-ը, ըստ էության, միակ բանան ներկրող ընկերությունն է։ Այս ընկերությունում մեր հարցերին չպատասխանեցին։ Լսելով հարցերը՝ վերցրեցին մեր հեռախոսահամարները և խոստացան հնարավորության դեպքում զանգահարել եւ մեկնաբանություններ տալ, սակայն երեկվա դրությամբ մեկնաբանություններ ստանալ այդպես էլ չհաջողվեց։ Նկատենք, որ վերջին շրջանում համաշխարհային շուկայում բանանի գնի շոշափելի փոփոխություններ չեն եղել։ Ավելացնենք նաև, որ Հայաստանում բավական մեծ քանակությամբ բանան է սպառվում։ Անցած տարի, օրինակ, Հայաստան է ներկրվել 9 հազար 880 տոննա բանան։ Բայց պետք է արձանագրել, որ 2012 թվականին ներկրվել էր 12 հազար 500 տոննա։ Այլ կերպ ասած՝ միայն մեկ տարվա ընթացքում բանանի ներկրումը Հայաստան նվազել է մոտ 21 տոկոսով։ Համենայն դեպս, կոնկրետ բանանի դեպքում գործ ունենք հերթական մոնոպոլիզացված շուկայի «հմայքի» հետ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր