Վիկտոր Յանուկովիչը լքել է Կիևը
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 21֊ին՝ տեղի ժամանակով 22։00֊ին հեռացել է Կիևից։ Նա մեկնել է Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակի և նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևի հետ միասին։
Ուկրաինական ԶԼՄ֊ների տվյալների համաձայն, նա մեկնել է երկրի հարավարևելյան շրջանի պատգամավորների հետ հանդիպման։ ԱՄՆ֊ի պետդեպարտամենտի ներկայացուցիչները նույնպես հաստատել են, որ նա մեկնել է Խարկով։ Այդ լուրը Վաշինգտոնին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։ Սակայն Խարկովի օդանավակայանի ներկայացուցիչը ասել է, որ նախագահի օդանավը այնտեղ վայրէջք չի կատարել։
«RBK Ukraina» գործակալությունը լուր է տարածել, որի համաձայն, Յանուկովիչի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆուջեյրայի օդանավակայանում։
Նշենք, որ Վիկտոր Յանուկովիչը դեռևս մի քանի կարևոր փաստաթղթեր չի ստորագրել։