211652_close_icon
views-count4003 դիտում article-date 16:58 04-02-2014

Ջավիդ Օրուջևի ընտանիքից բացի, Ադրբեջանից էլի ընտանիքներ են դիմել Հայաստանում ապաստան ստանալու խնդրով

Անցած շաբաթ ադրբեջանական հինգ հոգանոց ընտանիքը դիմում է ներկայացրել Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն պետական ծառայությանը՝ իրենց քաղաքական ապաստան տրամադրելու խնդրով: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Արձագանքելով հարցին, թե սովորաբար գործն ինչ ընթացակարգ է ստանում ասաց. «Ադրբեջանից էլ, Տանզանիայից էլ, Թուրքիայից էլ, Իրանից էլ ընթացակարգը նույնն է: Գործը քննության է առնվում եւ քննության ընթացքում բոլոր տեղեկությունները ցանկացած երկրի ապաստան հայցողի պարագայում խորհրդապահական են՝ կոնֆիդենցիալ»,- նշեց Գագիկ Եգանյանը: Գ. Եգանյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե մինչեւ այդ նախադեպեր եղե՞լ են, որ ադրբեջանցի ընտանիքներն ապաստան խնդրեն, ինչին, ի պատասխան, նա արձագանքեց. «Տասնյակներ չեն եղել, բայց եղել են դիմումներ»: Միգրացիոն պետական ծառայության պետը նաեւ նշեց, որ ապաստան տրամադրելու դիմումի քննությունը ընդհանրապես մեկ ամիս է տեւում, բայց կարող են երկարացնել նաեւ մինչև երեք ամիս: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ը Facebook-ի իր էջում հաստատել էր, որ Հայաստանում ապաստան տրամադրելու խնդրանքով ՀՀ իշխանություններին է դիմել ադրբեջանցի մի ընտանիք: «Հաստատում ենք, որ Ադրբեջանի քաղաքացիների հինգ հոգուց բաղկացած ընտանիքը քաղաքական ապաստան է հայցել Հայաստանում: Ավելի ուշ էլ որոշ մանրամասներ հայտնի դարձան, որ հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ հունվարի 29-ին դիմել է Ադրբեջանի քաղաքացի՝ Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջեւը՝ իր, կնոջ եւ երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջեւը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոեւայի հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին՝ Ջավիդ Օրուջեւը պարտադրված համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, եւ կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի եւ սփյուռքի վերաբերյալ: Գիտակցելով իր եւ ընտանիքի սպառնալից իրավիճակը՝ Ջ.Օրուջեւը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները: Հայտնվելով նման անելանելի իրավիճակում եւ զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը՝ Ջավիդ Օրուջեւը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից:

Նմանատիպ նյութեր