211652_close_icon
views-count13728 դիտում article-date 17:13 30-01-2014

Արտակարգ իրավիճակ Ալագյազ-Արթիկ ճանապարհին. ՃՈ աշխատակիցները Ճանշին-ի և փրկարարների հետ 3 տասնյակից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերել ձնաբքից

Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները, Ապարանի և Արագածի Ճանշին-ի ծառայողները մի քանի գյուղերի գյուղապետերի հետ միասին նշված հատվածից ձնաբքից դուրս են բերել 3 տասնյակից ավելի տրանսպորտային միջոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենաները ձյան առատ տեղումների հետևանքով մնացել էին ձյան հաստ շերտի տակ: Տեղում աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանը: Ս. Խուդոյանը իրավիճակի մասին հաճախակի իրազեկում է ՀՀ ՃՈ պետ Արսեն Գալստյանին: Ճանշինականներին օգնության են եկել նաև Պաշտպանության նախարարության ծառայողները՝ հատուկ տեխնիկայով: Ձնաբքի տակ են մնացել նաև երեխաներ, կանայք և հարսանքավորներ: Նորափեսան ֆոտոլրագրողի հետ զրույցում կատակելով ասում էր. «Ի՞նչ արած, հարսի խաթեր մինչև աշխարհի ծայրն էլ լինի, գնալու ենք. ձնաբուք չէ, ուզում է մերկասառույց լինի: Հիմա սպասում ենք, մինչև ճանապարհը ճանշինականները մաքրեն, որ կարողանանք խնամիներով ազատ հասնենք հարսնացուիս տուն»: Գ. Շամշյանը հայտնում է, որ 1 մետր բարձրության ձյան շերտը մաքրվում է մեծ դժվարությամբ: Ապարանի ճանշինականներին հաջողվել է 10 կմ-ից ավելի ճանապարհ մաքրել: Նրանց կողմից ձնահեռացման և ճանապարհի մշակման աշխատանքները շարունակվում են: Ֆոտոլրագրողի փոխանցմամբ՝ ձնաբքից մի քանի ավտոմեքենաներ էլ ճոպանի միջոցով դուրս են բերվել «գոլդ» համարանիշներով Hummer-ի օգնությամբ: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր