211652_close_icon
views-count1498 դիտում article-date 12:24 17-01-2014

Խմորի և ջրի համամասնությունը

Արդեն ակնհայտ է, որ ՀՀ վարչապետ-երկրորդ նախագահ բանավեճի «խմորը» շատ ջուր է վերցնելու: Մամուլում նորանոր մտքեր են արտահայտվում. «Քոչարյանը պաշտպանության կարիք չունի»՝ Գառնիկ Իսագուլյան, «…այն կարգավիճակը, որում ուզում է մնալ Քոչարյանը, նախագահի կարգավիճակն է, բայց երկրում կա նախագահ»՝ Ազատ Արշակյան («Առավոտ», «ՀԱ»): Ահա մի շարք կարծիքներ, որոնք տեղ են գտել «Իրավունքի» էջերում. «Քոչարյանը չի ներում այն մարդկանց, ում ինքն է «մարդ» սարքել»՝ Հովհաննես Իգիթյան, «ՀՀ ֆիննախը և ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարություն են ստացել համատեղ ստուգումներ անցկացնել քոչարյանական համարվող մի շարք բիզնեսներում»՝ «Բամբասանք» խորագիր, «Գույք՝ պարտքի դիմաց»-ից մինչև «Մեղրիի միջանցք» կես քայլ է» («…այս ողջ պատմությունը տեղափոխվում է աշխարհաքաղաքական, ավելի կոնկրետ՝ մեր երկրում ռուս-ամերիկյան երկարամյա հակամարտության դաշտ», «Հեռակա բանավեճը տանում է դեպի Քոչարյանի նշաձողի իջեցում»): Տարաբնույթ մտքեր է փոխանցում «Ժամանակը». «Սփյուռքը որևէ կերպ չի ընդունում Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը Հայաստանում»՝ Ռուդիկ Հովսեփյան, քաղաքական մեկնաբան (ԱՄՆ), «Կարծում եմ, որ սա համաձայնեցված է Մոսկվայի հետ»՝ Վադիմ Դուբնով, «Նովոստի» գործակալության վերլուծաբան: «Իրատես դե ֆակտոյի» կարծիքով երկրորդ նախագահի «երկրորդ գալուստը դատապարտված է», որովհետև «գրիչը» Սերժ Սարգսյանի ձեռքում է, և գրչի մեկ հարվածով բոլորը «կհարվածվեն»՝ Կարմեն Դավթյան, «…պատրա՞ստ է Ռոբերտ Քոչարյանը պատասխանել այն հարցերին, որոնք ականների պես սփռված են նրա նախագահության տասնամյակի ափերին»՝ Անահիտ Ադամյան: «Առավոտի» գլխավոր խմբագիրն այլ առաջարկ ունի՝ «Եթե այդ առաջնորդները ցանկանում են իրար մեսիջներ փոխանցել, ապա թող հանդիպեն և զրուցեն, ոչ թե դա անեն իրենց պատգամավորների, կուսակցական ժողովների հայտարարությունների և ինքնահարցազրույցների միջոցով»: «Ավարայրի» սպասումո՞վ… Կառավարության երեկվա նիստը մամուլը մեկնաբանել է տարաբնույթ որակումներով. «Աշոտյանի ու ԲՀԿ-ի օրինագծերը կմրցեն ԱԺ-ում» («Ժամանակ»), «Ժողովրդի «սև սիրտն» ու կառավարության նոր տոնը» («Ժողովուրդ»), «Մայիսի 16-ը՝ նոր «Ավարայր» («ՀԺ») և այլն: «Հրապարակը» կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված որոշումների շուրջ զրուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ: Այլևայլ «Հայոց աշխարհը», անդրադառնալով Heritage Foundation կենտրոնի «2014թ. տնտեսական ազատության ցուցիչը» ուսումնասիրության արդյունքին, ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետի տեսակետը՝ «Կառավարությունը չի անտեսում ցուցիչը, բայց չի էլ կառչում դրանից»: «Իրատես դե ֆակտոն» արձագանքել է Արարատի մարզի Այգեստանի գյուղապետարանի, թերթի բնութագրմամբ՝ «փոխանցումներում առկա քաշքշուկին»՝ հընթացս «խնդրո առարկա» դարձնելով առհասարակ գանձապետի պաշտոնի նպատակահարմարության հարցը, որը, ըստ հոդվածագրի, համահունչ է վարչապետի դիրքորոշմանը: «ՀԺ»-ն մտահոգություն է հայտնել, թե «հեռուստատեսությունը մեզ չափից ավելի է սովորեցրել նույն մարդկանց կարծիքները լսելուն»:

Նմանատիպ նյութեր