211652_close_icon
views-count21173 դիտում article-date 22:39 15-03-2013

Հայաստանի հավաքականը հայտնվեց ծանր իրավիճակում

2014թ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Չեխիայի ընտրանուն: Մեր հավաքականը այս խաղին մոտեցել էր որոշակի կադրային խնդիրներով: Հատկապես կորուստները զգալի էին պաշտպանությունում, ուր Հրայր Մկոյանի և Լևոն Հայրապետյանի բացակայության պայմաններում Վարդան Միանասյանը` պաշտպանությունում մեկնարկային կազմ էր դուրս բերել բավականին երիտասարդ և անփորձ` Տարոն Ոսկանյանին և Կամո Հովհաննիսյանին: Հենակետային գոտում ի դեմս Կառլեն Մկրտչյանի մեր հավաքականը նույնպես զգալի կորուստ ուներ: Չեխիայի հավաքականը խաղին մոտեցել էր իր օպտիմալ կազմով: Հանդիպման սկզբնամասում ավելի լավ էին դիտվում մեր հավաքականի ֆուտբոլիստներ, ովքեր կարողանում էին արագ հակագրոհների արդյունքում անակընկալի բերել մրցակցին: Նմանատիպ մի քանի գրոհների արդյունքում մի քանի անգամ Հայաստանի հավաքականը կարող էր առաջ անցնել հաշվի մեջ: Մեր թիմի հարձակման կրակագծում մեկնարկային րոպեներին իր մասին մի քանի անգամ հիշեցնել տվեց Յուրա Մովսիսյանը, ում հարվածներից հետո ամենահաս Պետր Չեխը կարողացավ փրկել իր թիմին վերահաս գոլից: Մինչև առաջին խաղակեսի միջնամասը տպավորություն էր ստեղծվում, որ գոլը գրեթե հասունանում է, բայց առաջին 30 րոպեներից հետո հանդիպման սցենարը կտրուկ փոխվեց: Չեխերը մեկնարկային ճնշումը հաղթահարելով սկսեցին ավելի համոզիչ գործողություններով աչքի ընկնել և հետզհետե ավելի շատ տիրել գնդակին, սակայն գործը լուրջ գոլային պահերի չէր հասնում: Հիմնականում խաղը ընթանում էր խաղադաշտի կենտրոնում: Այդուհանդերձ առաջին խաղակեսում հաշվի մեջ այդպես էլ փոփոխություն չարձանագրվեց: Երկրորդ խաղակեսը մեր տղաները մեկնարկեցին չափազանց անհաջող կերպով: 47-րդ րոպեին իր մասին հիշեցնել տվեց մեր թիմի թերևս ամենթույլ խաղային օղակը: Պաշտպանության կենտրոնում անհամաձայնեցված և անփույթ խաղի արդյունքում չեխերի բարձրահասակ հարձակվող` Վիդրան օգտվելով խաղընկերոջ փոխանցումից, գլխի դիպուկ հարվածով գրավեց Բերեզովսկու պաշտպանած դարպասը: Հարկ է նշել, որ տվյալ դրվագում կոպիտ սխալ գործեց մեր թիմի կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանը: Բաց թողած գնդակից հետո հայ ֆուտբոլիստները փորձում էին բեկել հանդիպման ընթացքը , սակայն չեխ ֆուտբոլիստների գրագետ խաղի արդյունքում մեր թիմի գրոհները կասեցվում էին խաղադաշտի կենտրոնում, ուր չեխերի հենակետային գոտում գործող ֆուտբոլիստները «աքցանների» մեջ էին առել Հենրիխ Մխիթարյանին, ով ողջ խաղի ընթացքում գրեթե աննկատ մնաց: Մեր տղաները փորձում էին գրոհները կազմակերպել եզրերով, բայց ապարդյուն, քանի որ եզրափակիչ փուլում ամեն անգամ իրենց բարձրության վրա էին գտնվում չեխ պաշտպանները, ովքեր նաև հիանալի էին իրագործում արհեստական խաղի դուրս վիճակի «թակարդը»: 50-րդ րոպեին Մինասյանը Մանուչարյանի փոխարեն մարտի նետեց վնասվածքից ոչ լիովին ապաքինված Արաս Օզբիլիսին, իսկ 60-րդ րոպեին Ղազարյանին փոխարինեց Սարկիսովը: Վարդան Մինասյանի այս փոփոխությունները ոչ մի արդյունք չտվեցին, քանի որ մեր հավաքականի գրոհները միանման էին և հեշտ կասեցվում էին մրցակից ֆուտբոլիստների կողմից: Որոշակիորեն ակտիվ էր մեր թիմի աջ թևը, որտեղ գրոհային գործողություններին ակտիվորեն միանում էր երիտասարդ պաշտպան` Կամո Հովհաննիսյանը, ով փորձում էր լայնակի փոխանցումներով հարվածային դիրքի դուրս բերել հարձակվողներին, սակայն այդ փոխանցումները իրենց մեջ սրություն չէին պարունակում: 81-րդ րոպեին Հայաստանի հավաքականը պարզունակ իրավիճակում համարձակվեց երկրորդ գնդակը նվիրել մրցակցին: Կրկին իր մասին հիշեցնել տվեց երիտասարդ պաշտպան Ոսկանյանը, ում աններելի և մանկական սխալից հետո` Վիդրան հայտնվեց Բերեզովսկու առջև գնդակը հեշտությանմբ ուղարկեց մեր թիմի դարպասը 0:2: Խաղավերջում չեխերը հակագրոհի արդյունքում կարողացան ևս մեկ գոլ խփել և հաշվիվ դարձնել խոշոր` 0:3: Փոխարինման դուրս եկած Կոլարժը մեն-մենակ հայտնվելով Բերեզովսկուն դեմ կարողացավ կրկին ձեռնունայն թողնել մեր դարպասապահին: Արդյունքում, Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց և կտրուկ բարդացրեց իր մրցաշարային գործերը: [bold]Հայաստան - Չեխիա 0:3[/bold] գոլեր` Վիդրա 47', 81' Կոլարժ 94' Հայաստանի հավաքական Բերեզովսկի-Ալեքսանյան, Արզումանյան, Ոսկանյան, Հովհաննիսյան-Մանուչարյան (Օզբիլիս 50'), Մխիթարյան, Մուրադյան (Մանոյան 78'), Ղազարյան (Սարկիսով 60'), Պիզելի-Յուրա Մովսիսյան Չեխիայի հավաքական Պետր Չեխ-Գեբրե Սելասիե, Սիվոկ (Սուխի 43'), Վ.Կադլեց, Լիմբերկսի-Հյուբշման, Պլաշիլ, Վիդրա, Ռոսիցկի,Դարիդա (Յիրաչեկ 85')- Լաֆատա (Կոլարժ 74') Արտակ Վահանսարյան

Նմանատիպ նյութեր