211652_close_icon
views-count13470 դիտում article-date 09:31 06-03-2021

Երևանում 12 հազար երեխա մանկապարտեզ չի կարողանում ընդունվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեխաներին մանկապարտեզ ընդունելու հարցն իսկական գլխացավանք է դարձել ծնողների համար. մեկ տարուց ավելի է, ինչ մանկապարտեզներում երեխաների ընդունելություն չի կազմակերպվում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչական շրջանների աշխատակազմերը լարված և շունչները պահած սպասում են, թե երբ պետք է քաղաքապետ Հայկ Մարությանը բարեհաճի ներկայանալ աշխատանքի և ստորագրի մանկապարտեզ հավելյալ ընդունելություն կազմակերպելու վերաբերյալ որոշումը: Ասել է թե՝ փաստաթուղթը քաղաքապետի սեղանին է, բայց նա տեղում չի լինում, որ ստորագրի:

Բանն այն է, որ քաղաքապետի որոշումով պետք է հավելյալ ընդունելություն կազմակերպվի, որպեսզի օնլայն հերթագրվածները կարողանան հաճախել մանկապարտեզ: Մեզ հայտնի դարձավ, որ այս խնդրով ծնողներն ամեն օր անհանգստացնում են վարչական շրջանների աշխատակազմերին: Ի դեպ, որոշ հաշվարկներով՝ ավելի քան 12 հազար գրանցված երեխաներ կան, որոնք սպասում են, թե երբ է հերթը իրենց հասնելու:

Պարզվում է՝ ավելի քան մեկ տարի է, ինչ քաղաքապետարանը չի կարողացել լուծել շենքային պայմանների հարցը. չէ՞ որ մանկապարտեզներում հավելյալ տեղեր պետք է ավելացվեն, որպեսզի կորոնավարակի պայմաններում հնարավոր լինի պահպանել սոցիալական հեռավորությունը և հակահամաճարակային կանոնները:

Արձանագրենք, որ կառավարությունը կարանտինի պայմաններում նոր պայմաններ է սահմանել դպրոցների, բուհերի համար, բայց մանկապարտեզների մասին մոռացել է:

Շատ ծնողներ այս ընթացքում ստիպված են եղել իրենց երեխաներին ուղարկել մասնավոր մանկապարտեզներ, որտեղ գները սկսում են 70 հազար դրամից, կամ աշխատանքից ազատվել են երեխային պահելու համար»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր