211652_close_icon
views-count2446 դիտում article-date 15:13 04-03-2021

Կորոնավիրուսի դեմ պայքարի 3-րդ միջոցառման շրջանակում վարկային պայմանները կթեթևանան

Կառավարությունն այսօրվա նիստում կորոնավիրուսի դեմ պայքարին 3-րդ ծրագրում փոփոխություններ կատարեց: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ այդ ծրագրով շուրջ 800 տնտեսվարողների վարկվորել են շուրջ 9 մլրդ դրամի չափով.

«Այժմ անհրաժեշտություն է առաջացել մի փոքր ճկունություն մտցնել վարկային պայմանների մեջ, որովհետեւ տնտեսվարողների մեծ մասը չէր օգտվել արտոնյալ ժամկետից, Բայց հիմա տնտեսական ճգնաժամի երկարացման զուգընթաց այդ կարիքն առաջացել է: Սա էականորեն թեթեւացնում է վարկի պայմանները»,- ասաց նա:

Ըստ այդմ, տնտեսավարողի դիմումի հիման վրա կարող է տրամադրվել վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով, հաշվի առնելով, որ միջոցառման շրջանակներում տրամադրված վարկերի ժամկետը 36 ամիս է»:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն Ներդումների աջակցման կենտրոնի կողմից տրամադրված տեղեկատվության՝ 2020թ դեկտեմբերից 2021թ փետրվար ամիսներին շուրջ 685 շահառուներից 35 շահառու չի կատարել վարկերի մարման պարտավորությունները՝ շուրջ 16 մլն դրամի։ Հարկ է նշել, որ ուսումնասիրելով ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և Ներդրումների աջակցման կենտրոն ներկայացված շուրջ 70 բանավոր և գրավոր դիմումները՝ մարտ-ապրիլ ամիսներին պարտավորությունները չկատարած շահառուների թիվը կավելանա 50-60%-ով՝ կազմելով շուրջ 60։

Միջոցառման բոլոր շահառուների վարկերի մայր գումարների մարման մեկ ամսվա ընդհանուր գումարը կազմում է միջինում 220 մլն դրամ։ Դիտարկելով բոլոր 800 շահառուների միաժամանակ արտոնյալ ժամանակահատվածից օգտվելու հնարավորությունը՝ ըստ նախնական հաշվարկների, 6 ամսով կհետաձգվեն շուրջ 1,3 մլրդ դրամի վարկային միջոցների մարումներ։

Ներկայումս գործող որոշման համաձայն՝ նշված վարկերին ներկայացված պահանջներում, ի թիվս այլ պահանջների, ներառված է դրույթ, ըստ որի վարկերը տրամադրվում են առավելագույնը 36 ամիս մարման ժամկետով։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Նախագծով առաջարկվող արտոնյալ ժամկետը պետք է սահմանվի նշված 36 ամսյա ժամանակահատվածում՝ մինչև ժամկետի լրանալը, այսինքն, վարկի մարման ժամանակահատվածը չի կարող գերազանցել վարկի մարման համար սահմանված առավելագույն ժամկետը, այն է՝ 36 ամիսը։

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման շահառուների համար ժամանակ շահել՝ ներկայիս փոփոխվող պայմաններին արձագանքելու նպատակով, և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշտգրտելու որոշումների կայացման համար։

Նմանատիպ նյութեր