211652_close_icon
views-count1398 դիտում article-date 12:00 03-03-2021

Զարեհ Սինանյան. Բաքուն հարյուրից ավել ՀՀ քաղաքացու է պահում

Ադրբեջանը հարյուրից ավել ՀՀ քաղաքացու է պահում, եւ այս հարցի լուծման ձգձգումը հետաձգում է երկխոսության մեկնարկը Երեւանի եւ Բաքվի միջեւ, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում նա այդ հարցը քննարկել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ շփումներում:

«Մեզ համար ամենակարեւոր թեման հայ ռազմագերիների եւ պահվող անձանց վերադարձն է Ադրբեջանից: Եվ այս հարցը ես քննարկել եմ նաեւ Ռուսաստանի արտգործնախարարությունում կայացած հանդիպմանը... Գիտեմ, որ նրանց թիվը հարյուրից ավել է, սակայն ես հստակ թիվ չունեմ: Եվ այս հարցով մենք եւս երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք պարզել` քանի մարդ է հայտնվել ադրբեջանական գերության մեջ, նրանք (Բաքուն) դա ավելի լավ գիտեն:
Ռազմական գործողությունների պատճառով պարզ է, որ մենք ունենք այն մարդկանց ցուցակը, ովքեր, մենք գիտենք, գտնվում Ադրբեջանում, եւ կա նաեւ անհայտ կորածների ցուցակը: Եվ այս դեպքում թվերն անընդհատ փոխվում են»,- հավելել է նա:

Նրա խոսքով` Երեւանը հույս ունի, որ Մոսկվան կշարունակի նպաստել այս խնդրի կարգավորմանը:

«Հուսով ենք, որ կկարողանանք հաջողությունների հասնել Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքում: Ռուսական կողմը հավաստիացրել է, որ դա կնպաստի այս խնդրի կարգավորմանը, եւ մենք հավատում ենք նրանց: Այս հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության գործարկումը»,- ասել է Սինանյանը։

Նմանատիպ նյութեր