211652_close_icon
views-count1576 դիտում article-date 10:54 28-02-2021

Սումգայիթի ոճրագործությամբ սկիզբ դրվեցին Գանձակում, Բաքվում, Մարաղայում, ավելի քան 320 հայաբնակ քաղաքներում ու գյուղերում հայերի նկատմամբ վայրագություններին. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սումգայիթի ջարդերի վերաբերյալ գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում, մասնավորապես, ասվում է. 

«Այսօր լրանում է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988թ. փետրվարի 27-29-ի հայկական զանգվածային ջարդերի 33-րդ տարելիցը: 
 

1. Սումգայիթի ոճրագործությունն սկսվեց 1988թ. փետրվարի 26-ի երեկոյան ու հենց միանգամից ուղեկցվեց սպանություններով, հայերին կենդանի վիճակում այրելով ու անդամալույծ անելով, նրանց տներն ու անձնական իրերն ավերելով:
 

2. Սրանով սկիզբ դրվեցին ու շարունակվեցին Գանձակում (Կիրովաբադ), Բաքվում, Մարաղայում, Շահումյանում և մյուս ավելի քան 320 հայաբնակ քաղաքներում ու գյուղերում հայերի նկատմամբ վայրագությունները: Միայն Գանձակ քաղաքում 1988թ. դրությամբ ապրում էր 45 հազար հայ:
 

3. Նշված բոլոր վայրերում տեղի ունեցան հայ խաղաղ բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներ, նրանք դաժանաբար սպանվեցին, այդ թվում՝ կյանքից բարբարոսաբար զրկվեցին երեխաներ, կանայք ու տարեցներ, ենթարկվեցին խոշտանգումների, ինչի արդյունքում նաև տանջամահ եղան, մարմինները ենթարկվեցին անարգանքի: Իրենց մշտական բնակության վայրերից բռնի տեղահանվեցին հազարավոր հայեր: Ավերվեցին ու ոչնչացվեցին խաղաղ բնակիչների տներն ու անձնական իրերը:
 

4. Ընդամենը 2 օրինակ՝ 1991թ. ապրիլի 29-ից մինչև օգոստոսի կեսերն ադրբեջանական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը (ՕՄՕՆ) իրականացրեց «Օղակ» գործողությունը, որի արդյունքում բռնագաղթի ենթարկվեց Խանլարի, Շահումյանի, Հադրութի, Շամխորի, Ղազախի, Գետաբեկի շրջանների հայ բնակչությունը: 1992թ. ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում Ադրբեջանի զինված ստորաբաժանումներն իրագործեցին խաղաղ հայ բնակչության անխնա ոչնչացումը, որտեղ զոհվածների թիվը հասնում էր 57-ի՝ գերակշիռ մասը՝ կանայք, երեխաներ, ծերեր, որոնց ծեծել, անարգել, բռնաբարել, անդամահատել, այրել են, ինչպես կենդանության օրոք, այնպես էլ մահվանից հետո:

5. Ընդ որում, այս ամենը կատարվել է հրոսակախմբերի կողմից իրավապահ մարմինների ամենաթողության պայմաններում, իսկ առանձին դեպքերում՝ հենց այդ մարմինների անմիջական մասնակցությամբ:

6. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տիրապետում է հավաստի, այդ թվում՝ օբյեկտիվ ապացույցների, որոնք հաստատում են ողջ նկարագրվածը:
 

7. Ապացուցված փաստ է, որ նշված վայրագությունները տեղի են ունեցել ի պատասխան իրենց կյանքի, անվտանգության ու կենսական կարևորության մյուս իրավունքները պաշտպանելուն, ինքնորոշման իրենց անօտարելի իրավունքը վերականգնելուն ուղղված Արցախի հայերի քայլերի:
 

8. Փաստերը հաստատում են, որ հայերի նկատմամբ նշված վայրագություններն իրականացվել են բացառապես էթնիկ պատկանելիության հիմքով և կրել են հայրենազրկման և ոչնչացման բնույթ: Այսինքն՝ խոսքն էթնիկ զտումների ու ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին է, որի հիմքում հայերի նկատմամբ պետական աջակցությամբ հայատյացությունն էր:
 

9. Ապացույցները հաստատում են, որ հետագա տարիներին հայատյացությունն ու հայերի նկատմամբ թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունն ստացավ նոր զարգացումներ: Հայասպանությունը, ազգությամբ հային խոշտագելը միայն ակնհայտ խրախուսվում էր Ադրբեջանի բարձրագույն իշխանության մարմինների կողմից:
 

10. Սրա կոնկրետ վկայություն է 2004թ. փետրվարին Բուդապեշտում միջազգային դասընթացի ժամանակ ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը կացնով՝ իր հյուրանոցի սենյակում, քնած վիճակում: Նա հետագայում հանձնվեց Ադրբեջանին ու դրանից հետո ոչ միայն ազատ արձակվեց, այլ նաև ստացավ բարձրագույն մակարդակի հերոսացման:
 

11. «Մակուչյանն և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» (գանգատ թիվ 17247/13) գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2020թ. արձանագրեց, որ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ներում շնորհելը, արտոնությունների տրամադրումը, պետական ամենաբարձր մակարդակով քաջալերումը, Ադրբեջանի ողջ հասարակության շրջանակում հերոսացումը եղել են էթնիկ դրդապատճառներով։ Ըստ Եվրոպական դատարանի՝ դրա մասին են վկայել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որտեղ արտահայտել են իրենց աջակցությունն արարքի կատարման հարցում:
 

12. Արցախի բնակչության դեմ 2016թ. Ապրիլյան ու 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմների ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ադրբեջանական Զինված ուժերի կողմից էթնիկ պատկանելիության հիմքով վայրագություններ, այդ թվում՝ հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների դաժան սպանություններ, խոշտանգումներ, մարմինների անարգանքի բազմաթիվ դեպքեր: Այս ամենն իրականացրել են ադրբեջանական Զինված ուժերն ու ներգրավված ահաբեկիչները, որոնք տեսանկարում էին տեսանյութեր ու ակնհայտ վստահ լինելով, որ անպատժելի են, ցինիկաբար բաց դեմքով ցուցադրում, թե ինչպես են, օրինակ, կտրում հայի գլուխ, ականջ կամ անարգանքի ենթարկում մարմիններ:
 

13. Այդ պատերազմներին նախորդել ու դրանց զուգահեռ առավել մեծ ագրեսիվությամբ շարունակվել են հայատյացությունն ու հայասպանության խրախուսումը: Այս մասին նույնպես առկա են օբյեկտիվ ապացույցների վրա հիմնված զեկույցներ:
 

14. Մինչ օրս էլ Ադրբեջանում շարունակվում է հայատյացությունը, հայ հասարակությանը տառապանքներ պատճառելու և զգացմունքների հետ խաղալու, լարվածություն առաջացնելու պետական քաղաքականությունը: Այս մասին ակնհայտորեն վկայում է հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողներին գերեվարելը ու նրանց արհեստական պատճառներով չվերադարձնելը, հարցը մշտապես քաղաքականացնելն ու սակարկությունների առարկա դարձնելը:
 

15. Ցավոք, միջազգային հանրության ու, հատկապես, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների խիստ անհամաչափ արձագանքը նկարագրված վայրագություններին, իսկ շատ դեպքերում պարզապես լռությունը՝ միայն նպաստել է նրան, որ հայերի նկատմամբ 1988թ. վայրագություններն ու հայատյացությունը ոչ միայն չբացառվեցին հետագայում, այլ նաև խորացան ու առավել դաժան դրսևորումներ ստացան:
 

16. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անձամբ իր ու ողջ աշխատակազմի անունից իրենց հարգանքի տուրքն են մատուցում Սումգայիթի ու մյուս բնակավայրերի հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին և ի գիտություն միջազգային համաշխարհային հանրության՝ հատուկ ընդգծում, որ իրավունքների խախտումների, հանցանքների համար անպատժելիությունն առաջ է բերում նոր, ավելի կոպիտ խախտումներ, ավելի դաժան հանցանքներ»:

Նմանատիպ նյութեր