211652_close_icon
views-count2360 դիտում article-date 14:14 20-02-2021

7 մլրդ դոլար. Մեծ յոթնյակն ամենաաղքատ երկրներին կօգնի հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարման հարցում

«Մեծ յոթնյակ»-ի (G7) անդամ երկրները (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Միացյալ Թագավորություն և ԱՄՆ) խոստացել են գրեթե 7 միլիարդ ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել աշխարհի ամենաաղքատ երկրներին՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարումն արագացնելու համար, գրում է The Guardian-ը: 

Այս մասին անդամ երկրների առաջնորդները խոսել են առցանց գագաթնաժողովի ժամանակ, որը կազմակերպել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: 

Նշվում է՝ մոտ 2 ժամ տևողությամբ հանդիպման ժամանակ Ջոնսոնը կազմակերպիչներից խնդրել է առավել մանրամասն ներկայացնել խոստումների ժամկետների և բովանդակության մանրամասները: Ենթադրվում է՝ G7-ի երկրներն արդեն իսկ գնել են շուրջ 1,5 միլիարդ քանակությամբ պատվաստանյութ, որն ավելին է, քան անհրաժեշտ է իրենց բնակչությանը: Այնուամենայնիվ, այս ենթադրությունը վերջնական չէ և հաշվարկներում փոփոխությունները չեն բացառվում: 

Մասնավորապես, գագաթնաժողովի ժամանակ Ջոնսոնն ասել է՝ Մեծ Բրիտանիան իր պատվաստանյութերի ավելցուկի մեծ մասը կտրամադրի ՄԱԿ-ի կողմից ղեկավարվող Covax համակարգին՝ աշխարհի ամենաաղքատ երկրներին պատվաստանյութերով մատակարարելու նպատակով:

Բացի այդ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է՝ Արևմուտքը պետք է ուշադրություն դարձնի Աֆրիկայի 6,5 միլիոն բուժաշխատողներին, որոնց պատվաստելու համար ընդհանուր առմամբ պահանջվում է 13 միլիոն դեղաչափ:

«Այս չափաբաժինները կազմում են Եվրոպայում առկա մատակարարման 3.4% -ը և պետք է անհապաղ իրականացվեն», - ասել է նա:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նախագահ Բայդենի վարչակազմը խոստացել է պայմականորեն 4 միլիարդ դոլար տրամադրել Covax-ին: Միևնույն ժամանակ Եվրամիության անդամ երկրներն ընդհանուր առմամբ կներդնեն 1,6 միլիարդ դոլար, իսկ Գերմանիան համակարգին առանձին կտա 1,8 միլիարդ դոլար՝ ավելացնելով իր ավելի վաղ կատարած 800 միլիոն երդումը: Բացի այդ, Մեծ Բրիտանիան  արդեն իսկ 7,6 միլիոն դոլար է տրամադրել Covax-ին:

Նշենք՝ G7-ն իր համատեղ հայտարարության մեջ նշել է, որ անդամ երկրները հավաքականորեն 7,5 մլրդ դոլար են տրամադրել ծրագրին:

Նմանատիպ նյութեր