211652_close_icon
views-count188034 դիտում article-date 22:37 10-01-2021

Արտակարգ դեպք Երևանում. ճանապարհը չզիջելու պատճառով վնասել են թուրքական համարանիշներով բեռնատարները

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, հունվարի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամւը 19:50-ի սահմաններում, Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում քաղաքացիները թուրքական համարանիշներով բեռնատար ավտոմեքենա են կոտրում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են լուսարձակներով և կողային հայելիներով վնասված վիճակում TR 08 K 6839 և TR 08 K 6614 կցորդիչով բեռնատար ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված բեռնատարները պատկանում են Երևանում գործող «Գյուզդեն Նակլիատ» ՍՊԸ-ին և ոստիկանություն է հրավիրվել նշված ՍՊԸ-ի ներկայացուցիչը: Պարզվել է, որ Ազատության պողոտայում երթևեկելիս միմյանց ճանապարհ չզիջելու համար նշված բեռնատարները կանգնեցվել են ինչ-որ ավտոմեքենայի վարորդի կողմից, որտեղից իջել են 2 քաղաքացի, և մետաղյա ձողերով հարվածել ու վնասել են թուրքական բեռնատարների լուսարձակներն ու աջակողմյան հայելիները: Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ արարքը կատարող անձանցից մեկը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 48-ամյա Էդվին Մոքելի Խոդավերդինն է: Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառոււմներ՝ նրան և մյուս անձի ինքնությունը պարզելու ու նրանց հայտնաբերելու ուղղութամբ: Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր