211652_close_icon
views-count2706 դիտում article-date 11:11 09-01-2021

Հունաստանը պատրաստվում է Իսրայելի հետ կնքել ռազմական մեծ պայմանագիր` ընդդեմ Թուրքիայի

Հունաստանը հաստատել է Իսրայելի հետ 1 միլիարդ 680 միլիոն դոլարի արժողությամբ գործարքը, որը նախատեսում է 10 գերժամանակակից ռեակտիվ կործանիչների ձեռքբերում և օդաչուների ուսուցում: Աթենքն արդիականացնում է իր պաշտպանությունը` ելնելով իր վաղեմի թշնամի Թուրքիայի հետ վերջին ժամանակներս լարվող հարաբերություններից: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5730240.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Այս գործարքը պայմանագրի վերածելու արարողությունը տեղի կունենա եկող շաբաթների ընթացքում, ազդարարելով Հունաստանի եւ Իսրայելի միջեւ պաշտպանության բնագավառում կնքված ամենախոշոր գործարքը: «Իսրայելում այլոց հեշտությամբ չեն վստահում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է պաշտպանության բնագավառին», ասել է միջազգային հարաբերությունների հարցերով հույն փորձագետ Կոստաս Ֆիլիսը: «Այս գործարքը կարեւոր է ոչ միայն ռազմական բնագավառը զարգացնելու համար, այլ նաեւ կարող է է՛լ ավելի խորացնել հարաբերություններն Աթենքի ու Երուսաղմի միջեւ»,- ասել է նա, հիշեցնելով արաբական աշխարհի նկատմամբ Հունաստանի թեքվածությունը քսան տարի առաջ փոփոխության ենթարկվելու փաստը: Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանթցի խոսքերով, այս գործարքը «կծառայի ե՛ւ Իսրայելի ե՛ւ Հունաստանի շահերին, կբացի հարյուրավոր նոր աշխատատեղեր երկու երկրներում ու կնպաստի միջերկրածովյան շրջանում կայունությանը»: Պայմանագիրը ստորագրման դեպքում Իսրայելը Հունաստանին կվաճառի Mavi M-346 մակնիշի մարզական տասը ռազմական օդանավ, ինչպես նաեւ սիմուլյատորներ և կհատկացնի նյութատեխնիկական աջակցություն: Իսրայելի պաշտպանության էլեկտրոնային Elbit Systems ընկերությունը Հունաստանում կհիմնի թռիչքների դպրոց, մարզելու համար Հունաստանի ռազմաօդային ուժերի օդաչուներին: Հունաստանն Իսրայելից վերջին տարիների ընթացքում վարձել է անօդաչու թռչող սարքեր` Թուրքիայի հետ իր սահմանները հատկապես Էգեյան ծովում վերահսկելու նպատակով: Հունաստանն ու Իսրայելն անցյալ տարի միացան Կիպրոսին` կառուցելու համար 1900 կիլոմետր երկարություն ունեցող ստորջրյա մի խողովակաշար` Միջերկրական ծովի արեւելյան հատվածում արագ զարգացող գազի հանքերից բնական գազը դեպի Եվրոպա արտահանելու նպատակով: Էներգետիկ աղբյուրների հետ առնչվող գործարքները մեծապես են մտահոգում Թուրքիային, որը վերջին ամիսներին բնական պաշարներ հայտնաբերելու նպատակով հետազոտական նավեր էր ուղարկում ծովային այն հատվածները, որոնք Հունաստանը համարում է իր տարածքը: ՆԱՏՕ-ի անդամներ Հունաստանն ու Թուրքիան երկար տարիներ է, որ մարտահրավերներ են նետում մեկը մյուսի օդային ու ջրային տարածքներում: Դաշինքի այս երկու անդամները Էգեյան ծովում ուղիղ 25 առաջ կանգնել էին պատերազմի պռնկին: Ու քանի որ կողմերի միջեւ հակասությունները չեն մարում, Աթենքը որոշել է գնել նոր ռազմաօդանավեր, ռազմանավեր, ուղղաթիռներ ու այլ համակարգեր նաեւ ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից:

Նմանատիպ նյութեր