211652_close_icon
views-count1743 դիտում article-date 14:28 19-12-2018

ԱՄՆ կոնգրեսականները հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու կոչով դիմել են Մայք Պոմպեոյին

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները բաց նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայկ Պոմպեոյին, որում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու կոչ են արել: Այդ մասին նշված է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի «Ֆեյսբուք»-ի էջում։ ԱՄՆ պետքարտուղարին ուղղված բաց նամակի տակ ստորագրել են կոնգրեսականներ Ջեքի Սփեյերը, Դեյվ Թրոթը, Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալադաոն, Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը: Կոնգրեսականները կոչ են արել հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովը ծառայեցնել որպես շարունակական ռազմավարական երկխոսության հարթակ, որտեղ կքննարկվեն համատեղ շահերի, ընդհանուր արժեքների, ինչպես նաև հայ և ամերիկացի ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Նամակում նշվում է, որ վերջերս Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, որոնք ամրագրվել են դեկտեմբերի 9-ին կայացած ազատ և արդար խորհրդարանական ընտրություններով, Հայաստանը որդեգրել է ժողովրդավարական զարգացման մոդել՝ գերազանցելով հետխորհրդային տարածքի մյուս պետություններին: «Եկել է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական առաջընթացն ամրապնդելու և քաղաքական, տնտեսական, ռազմական և մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ժամանակը»,- ասված է նամակում: Կոնգրեսականներն առաջարկում են Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու տեսանկյունից ընդլայնել աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, ուժեղ քաղաքացիական հասարակություն ձևավորելու, լրատվամիջոցների ազատությունն ապահովելու ուղղությամբ՝ բարեփոխումների իրականացման համար ստեղծելով աշխատանքային խմբեր կամ մեխանիզմներ: Նրանք նշում են, որ ամբողջական ժողովրդավարության հասնելու համար անհրաժեշտ է, որ երկրում տնտեսական առաջընթաց լինի և հույս են հայտնել, որ ԱՄՆ-ն ուշադրություն կդարձնի այն հանգամանքին, որ Հայաստանը երկու կողմից շրջափակված է, ինչը խորը ազդեցություն է ունենում երկրի տնտեսության վրա: Կոնգրեսականները նաև խնդրել են մշակել Հայաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցությունը խորացնելուն միտված քաղաքականություն և ծրագրեր մշակել:

Նմանատիպ նյութեր