211652_close_icon
views-count1885 դիտում article-date 12:28 18-12-2018

Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողության առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ, Ֆրանսիայի Հանրապետության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Ձեր քաղաքական կուսակցության արձանագրած հաջողության առթիվ։ Ընտրական այս գործընթացն ի ցույց դրեց հայ ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանը։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություն լիազորությունների կատարման գործում։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել մեր երկկողմ հարաբերությունների վաղեմությունն ու որակը։ Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում, որոնց միջոցով դուք ցանկանում եք բարձրացնել տնտեսության արդյունավետությունն ու հայ ժողովրդի բարեկեցությունը։ Վստահ եղեք նաև, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակելու է հետամուտ լինել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ, արդարացի և տևական կարգավորմանը»։

Նմանատիպ նյութեր