211652_close_icon
views-count3839 դիտում article-date 15:55 15-12-2018

Հայաստանի նկարիչների միության համագումարը շարունակվում է. oրակարգում նախագահի ընտրության հարցն է

Հայաստանի նկարիչների միությունում դեկտեմբերի 15-ին մեկնարկել է 19-րդ համագումարը, որի ընթացքում պարզ կդառնա, թե ով է ընտրվելու միության նախագահ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ օրակարգում դրված է նախագահի, վարչության և ռեվիզիոն կազմի ընտրության հարցը: Կարեն Աղամյանը ներկայացրեց իր կատարած աշխատանքները: Նա նշեց, որ ոչ միայն այս 5 տարում, այլ նաև նախկինում ևս պայքարել են արվեստանոցների գույքահարկի համար: «Չի ստացվել, սակայն քաղաքապետարանը պարտքը միշտ զիջել է: Այնուամենայնիվ, դա ճիշտ մոտեցում չէ: Անցյալ ժամանակում սակայն Նկարիչների միության 14 անդամներ ստացել են բնակարաններ՝ մատչելի գներով: Շատ խնդիրներ կան, որոնք կիսատ են»,-ասաց Աղամյանն ու կոչ արեց միության անդամներին լինել համերաշխ: Միության անդամ Վահան Գալստյանը նշեց, որ միության կանոնադրությամբ սահմանված է, որ նախագահը պետք է ընտրվի չորս տարի ժամկետով: Նա նկատեց, որ 2013 թ-ի դեկտեմբերին Կարեն Աղամյանն ընտրվել է միության նախագահ, 2017-ին այդ ժամկետը լրացել է: Նա շեշտեց նոր ընտրությունների կարևորությունը: Գալստյանի կարծիքով՝ Կարեն Աղամյանը, 2018-ի ամռանն իմանալով, որ ինքը ոչ լեգիտիմ նախագահ է և պետք է հեռանա, ամեն ինչ արել է, որ պահպանի իր աթոռը: Բացի գործող նախագահից՝ Նկարիչների միությունը գլխավորել է ցանկանում ևս երկու թեկնածու: Այս տարվա հունիս ամսից սկսած միության մի խումբ երիտասարդ նկարիչներ պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում` պահանջելով Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանի հրաժարականը: Նրանք նշում էին, որ ըստ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի, պետք է 2017 թվականին անցկացներ համագումար կրկին նախագահ ընտրելու համար, սակայն համագումարը տեղի չի ունեցել: Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանն էլ իր տեսանկյունն էր ներկայացնում այդ հարցի շուրջ` շեշտելով, որ ամեն անգամ ընտրություններին ավելի շատ ձայներ է ստացել: Դա խոսում է այն մասին, որ միության անդամների ութսուն տոկոսն իրեն ձայն է տվել: Երբ իրեն հարցրել են, թե ինչու 2017 թվականին համագումար չի եղել, նա պատասխանել է, որ այն պետք է լինի 2018 թվականին: Ինքը կամ վարչությունն իրավասու չեն եղել որևէ փոփոխություն իրականացնել կանոնադրության մեջ: Իր ողջ պաշտոնավարման ընթացքում չորս անգամ կանոնադրություն է փոխվել:

Նմանատիպ նյութեր