211652_close_icon
views-count2554 դիտում article-date 15:42 15-12-2018

Հայաստանի համայնքների ավագանիները ցանկանում են կրճատել համայնքների ղեկավարների որոշ լիազորությունները

Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Հայաստանի ավագանիների 1-ին համաժողովը: Այն կազմակերպվում է Հայաստանի համայնքների միության կողմից: Համաժողովի նպատակն է ավագանիների համար ձևավորել հարթակ, քանի որ ավագանիները տեղեկատվական աջակցության, միասնական մոտեցումներ մշակելու կարիք ունեն: Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն այս առիթով մանրամասնեց. «Մենք փորձում ենք հիմա սկսել մի նախաձեռնություն, որով ավագանիները կսկսեն գործել մեկ միասնական ձայնով»: Համաժողովի ընթացքում տեղի ունեցան թեմատիկ քննարկումներ ավագանիների ինստիտուտի կայացման, ավագանու դերի մեծացման խնդիրների շրջանակում: Քննարկվեցին հարցեր՝ ինչպիսիք են ավագանու ինստիտուտի զարգացման ճանապարհին ի՞նչ հանգրվանի ենք հասել, որո՞նք են հիմնական խնդիրները, որո՞նք են հեռանկարները։ Մյուս թեմատիկ քննարկման թեման էր «Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանիների գործունեության անցած տարիների փորձը, ավագանու դերակատարման, ինստիտուցիոնալ փոփոխությունների անհրաժեշտությունն ու հեռանկարները»։ Այս խնդրի վերաբերյալ իրենց դիտարկումները ներկայացրին Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը: Ավագանիների 1-ին համաժողովին մասնակցեցին տարբեր համայնքների ավագանու ներկայացուցիչներ, փորձագետներ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ: Թեմատիկ քննարկումների ընթացքում ակտիվ քննարկումներ ծավալվեցին. ավագանիների ներկայացուցիչները բարձրաձայնեցին իրենց համայնքներում գոյություն ունեցող խնդրահարույց հարցերի մասին: Համաժողովի ընթացքում ձևավորվեց նաև Ավագանիների մշտական հանձնաժողովի խորհուրդ: Էմին Երիցյանը հայտարարեց՝ փորձում է արվում սկսել մի նախաձեռնություն, որով ավագանիները կսկսեն գործել մեկ միասնական ձայնով և մանրամասնեց. «Ավագանիների խորհուրդը պետք է ապագայում մշակի ավագանիների մշտական համաժողովի կանոնակարգը»: Անդրադառնալով ոլորտում գոյություն ունեցող խնդիրներին՝ Էմին Երիցյանն ասաց. «Նոր կառավարությունից տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումներ ենք ակնկալում, և կառավարության ծրագրում, իհարկե, դրանք պետք է արտացոլվեն: Ավագանին այսօր ավելի շատ կրավորական է, ավագանին նախաձեռնող չէ, և առաջին խնդիրը սահմանափակ լիազորություններն են: Երբ համայնքներն ունենան բավականաչափ լիազորությունների ծավալ ու ֆինանսներ, մոտիվացիան ու մրցակցությունը բավական բարձր կլինի, բայց դրանից զատ ավագանին այսօր նաև համայնքի ղեկավարի կցորդն է»: Համաժողովի ավարտին շրջանառության դրվեց նաև Համայնքների ավագանիների համաժողովի ուղերձը, որը բաց է՝ դրան միանալու համար: [b]Հայաստանի համայնքների միություն [/b]

Նմանատիպ նյութեր