211652_close_icon
views-count3423 դիտում article-date 22:30 13-12-2018

«Կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքներն ամբողջությամբ կներկայացվեն հանրությանը». Տիգրան Վիրաբյան

Կենդանիների հաճախակի անկում, մի շարք աշխատակիցների դժգոհություններ և հատուկ ուսումնասիրություններ: Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին շրջանում հնչող անհանգստությունները և առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբն արդեն գործի է անցել: Զուգահեռաբար ձևավորված հանձնաժողովն էլ ուսումնասիրում է այգու նախորդ 3 տարվա ֆինանսատնտեսական գործունեությունը: Կենդանաբանական այգու խնդիրներին և իրականացվող ուսումնասիրությունների ընթացքին տեղում ծանոթացել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Փոխքաղաքապետը նախ շրջեց այգու տարածքում, հետաքրքրվեց երկու օր առաջ բեզոարյան այծի անկման մանրամասներով: Կենդանին նախ փախուստի էր դիմել, ապա հայտնաբերվել աշխատակիցների կողմից և տեղափոխվել ազատավանդակ, սակայն որոշ ժամանակ անց կենդանու մոտ սրտի կանգ է արձանագրվել: «Կենդանու փախչելու համար պետք է կոնկրետ պատճառ լիներ: Ի դեպ, սա երկրորդ փորձն էր: Նշեմ, որ կենդանին 2013 թվականին ծնվել էր հենց այգու տարածքում»,- նշել է այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Անասնաբույժը նշում է, որ կենդանու փախուստը կարող է կապված լինել հիվանդության, կենդանիների միջև ընդհարման կամ երրորդ անձանց միջամտության ու միտումնավոր վախեցնելու հետ: Դեպքի իրական պատճառները հայտնի կդառնան հանգամանալից ուսումնասիրություններից հետո միայն: Մինչ այդ պատասխանատուներին հանձնարարվեց ուշադրությունն ու հետևողականությունը կրկնապատկել: «Կենդանիների հաճախակի դարձած անկումներն անհանգստության առիթ են տալիս: Մեր խնդիրն է ոչ թե ստուգել, գտնել ու պատժել, այլ կարողանանք օր առաջ կենդանաբանական այգին վերադարձնել իր բնականոն գործունեության» ,- նկատել է փոխքաղաքապետը: Այցի ընթացքում Տիգրան Վիրաբյանը ծանոթացավ նաև այգու մյուս խնդիրներին՝ մասնավորապես ցանկապատերի ու պարիսպների կառուցման անհրաժեշտության ու իրականացված շինարարական աշխատանքների թերություններին: Փոխքաղաքապետը հանդիպեց նաև Կենդանաբանական այգում ուսումնասիրություններ կատարող հանձնաժողովի անդամներին: Համակողմանի ուսումնասիրությունների արդյունքներն ամբողջությամբ ներկայացվելու են հանրությանը: «Կխնդրեմ խոշորացույցի տակ պահել հիմնական այն խնդիրները, որոնք բարձրացվել են հասարակական հատվածի կողմից և կապված են ֆինանսական շարժի հետ: Առավել քան վստահ եմ, որ ուսումնասիրությունները լույս կսփռեն այս պատմության վրա: Դրանք պետք է լինեն այնքան հավաստի, որ հետագայում այգու գործունեության հետ կապված որևէ կասկած չլինի: Սա ընդունեք որպես խիստ հանձնարարական», - հատկանշեց քաղաքապետի տեղակալը՝ փոխադարձ համաձայնություն ստանալով նաև տնօրեն Ռուբեն Խաչատրյանից: Տիգրան Վիրաբյանը հանդիպեց նաև այգու այն աշխատակիցների հետ, որոնք տնօրենի աշխատանքին առնչվող բողոքներ ունեն և պահանջում են վերջինիս հրաժարականը: Հանդիպմանը բարձրացված հիմնական հարցերը վերաբերում էին աշխատանքային պայմաններին և պահանջներին, նաև չկատարված խոստումներին: Փոխքաղաքապետի առաջարկով հանդիպումը շարունակվեց կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ներկայությամբ: Տիգրան Վիրաբյանն առաջարկեց կողմերին ընդմիջել բանավեճը՝ մինչև ուսումնասիրությունների ավարտը: «Այսօր այցելության նպատակն էր նաև աշխատակիցներին բերել մի սեղանի շուրջ և աչքերի մեջ նայելով բարձրաձայնել խնդիրները: Նույն սեղանի շուրջ նստել և քննարկելը բխում է կենդանաբանական այգու շահերից: Պետք է թուլացնել այս լարվածությունը, քանի որ աշխատանքային նման անառողջ մթնոլորտը ուղղակի ազդում է կենդանաբանական այգու բնականոն գործունեության վրա: Այստեղ չկան հովանավորյալներ, իսկ ցանկացած անօրինակություն պատժվելու է ամենախիստ ձևով»,- նշեց քաղաքապետի տեղակալը:

Նմանատիպ նյութեր