211652_close_icon
views-count3755 դիտում article-date 15:38 13-12-2018

Փաշինյանի և Պուտինի միջև գազի սակագնի մասին քննարկում եղել է: մանրամասներ չեմ կարող ասել․ Բաղրամյան

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը բացառում է Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագնի բարձրացումը: Այս մասին Գարեգին Բաղրամյանն այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Նախարարի պաշտոնակատարը նաև տեղեկացրեց, որ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև գազի սակագնի հետ կապված քննարկում եղել է: «Այլ մանրամասներ չեմ կարող ասել, բանակցությունները շարունակվում են»,- նշեց Բաղրամյանը: Դիտարկմանը, որ տարեվերջին ավարտվում է ներկայիս պայմանագիրը, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց, որ դա խնդիր չէ և այն ավտոմատ կերկարաձգվի։ «Պայմանագրի ավարտվելը խնդիր չէ, որովհետև այն կերկարաձգվի այնքան ժամանակ, մինչև բանակցությունները կավարտվեն, որովհետև դրանք բավականին ծանր և երկարատև ժամանակ պահանջող բանակցություններ են և պայմանագրի ավարտվելը խնդիր չէ։ Քանի դեռ պայմանավորվածություն չկա, կմնա այն, ինչ ունենք այսօր, այնպես չէ, որ հունվարից գազ չենք ստանալու»,- ասաց Գարեգին Բաղրամյանը։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ գազի վերջնական գինը պարզ կլինի, երբ բանակցությունները կավարտվեն: «Հունվարի մեկից գազի գինը կպահպանվի։ Կրկնում եմ՝ եթե բանակցություններն ավարտված չլինեն, պահպանվելու է այն, ինչ այսօր ունենք», - ասաց նախարարի պաշտոնակատարը։ Ինչ վերաբերում է տարվա կեսին գազի գինը փոփոխելու հնարավորությանը, վերջինս նշեց, որ բանակցությունների ավարտը ցանկացած ժամանակ հնարավորություն է տալիս սկսել գնի վերանայման գործընթաց։ Հարցին՝ ի վերջո, ի՞նչ տրամադրվածություն կա կողմերի մոտ ու կբարձրանա արդյոք գազի գինը Հայաստանի համար, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց՝ «բնականաբար, բանակցում ենք նվազեցնելու շուրջ, ոչ մեկ չի բանակցում բարձրացնելու շուրջ»: «Տրամադրվածությունը հիմնված է երկու կողմերի փոխշահավետ և բարեկամական հարաբերություների վրա»,- ասաց Գարեգին Բաղրամյանը։

Նմանատիպ նյութեր