211652_close_icon
views-count4840 դիտում article-date 13:53 12-12-2018

Նիկոլ Փաշինյանն այցելել է Չարենցավանի թիվ 3 դպրոց, որտեղ 10 օր շարունակ դասադուլ է

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Չարենցավանի թիվ 3 դպրոց, որտեղ արդեն 10 օր դասադուլ է: Ն. Փաշինյանին ուղեկցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Չարենցավանի թիվ երեք դպրոցի աշակերտների ծնողները և աշակերտները պահանջում են երկարաձգել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը: Դպրոցում նոր տնօրեն է ընտրվել, որի պաշտոնավարմանը ծնողներն ու աշակերտները դեմ են: Դպրոցի աշակերտների ծնողները պնդում են, որ նոր տնօրենի ընտրությունը կատարվել է խախտումներով. Խորհուրդը, որն ընտրել է տնօրենին, եղել է ուղղորդված: «Ֆեյսբուք»-ի իր էջում խնդրի հետ կապված գրառում է կատարել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոսա Պետրոսյանը: «Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշվել է վերջնական հանգուցալուծմանը գալ առաջիկա շաբաթասկզբին (օրենքով սահմանված ժամկետների շրջանակներում), երբ վարչապետն անձամբ կայցելի դպրոց և հանդիպում կունենա բոլոր շրջանակները ներկայացնող մանկավարժների և ծնողների հետ, որպեսզի հանգուցալուծումը լինի առավելագույնս օբյեկտիվ, բայց բոլոր դեպքերում. բացառապես օրենքի գերակայության պահանջներին խիստ համապատասխան: Մինչ այդ ևս մեկ անգամ խնդրում եմ ծնողներին և մանկավարժներին՝ չխախտել երեխաների կրթության իրավունքը և զերծ մնալ դասապրոցեսը բոյկոտելուց, իսկ բոլոր քաղաքական ուժերին և տարածաշրջանը ներկայացնող քաղաքական գործիչներին կոչ եմ անում այս գործընթացում չփորձել երեխաների կրթության իրավունքի շահարկմամբ քաղաքական դիվիդենտներ շահել. սա բացառապես հանրակրթական ոլորտի առողջացմանը միտված իրավական գործընթաց է: Իրավական երկրում բոլոր հարցերը լուծելի են բացառապես օրենքով սահմանված նորմերի կիրարկմամբ՝ զերծ հույզերից, կանխակալ մոտեցումներից և խմբակային շահերից»,- գրել է մարզպետը։

Նմանատիպ նյութեր