211652_close_icon
views-count1023 դիտում article-date 13:52 12-12-2018

Արտակ Զեյնալյանը մասնակցել է քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողովին

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի եզրափակիչ համաժողովին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արտակ Զեյնալյանն անդրադարձել է ներկայում ընթացող դատաիրավական բարեփոխումներին և ընդգծել, որ իրավական համակարգի կատա­րելա­գործումն ընթանում է նոր հայեցակարգերի, ինստիտուտների ու կարգավորումների մշակման, սկզբունքորեն նոր մոտեցումների ներդրման միջոցով: «Այս գործընթացի առաջնային նպատակը միջազգային չափանիշներին և օտարերկրյա առաջադեմ փորձին համահունչ անձի իրավունքների հուսալի պաշտպանության ապահովումն է»,- նշել է նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ հարցն առավել արդիական է դառնում, երբ խոսքը վերաբերում է քրեաիրավական և դատավարական հարաբերություններում անձի իրավունքների և օրինական շահերի ապահովմանը, քանի որ հենց այս ոլորտում են դրսևորվում մի շարք կարևոր իրավունքների առավելագույն սահմանափակումները: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ Ծրագրում արտացոլված նպատակները ևս մեկ անգամ ընդգծում են Հայաստանի Հանրապետության հանձնառությունը և պատրաստակամությունը մեր երկրում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների շարունակական ամրապնդման և այս ոլորտում օրենսդրության և պրակտիկայի միասնականության ապահովման հարցում: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև այն լայնածավալ աջակցությունը, որը Ծրագրի շրջանակում ցուցաբերվել է ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքրերի նախագծերի մշակման գործընթացում: «Ինչպես այս ծրագրի և դրան նախորդող ժամանակահատվածի համար, այնպես էլ ներկայում քրեական արդարադատության բարեփոխումները շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության առաջնահերթությունների ցանկում»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ քրեական արդարադատության բարեփոխումների համատեքստում կարևորելով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի աջակցությունը: Ամփոփելով խոսքը՝ նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանն ու Եվրոպայի խորհրդին այս ծրագրի միջոցով Հայաստանում քրեական արդարադատության բարեփոխումներին գործուն աջակցելու համար: Համաժողովին բացման խոսքով են հանդես եկել նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, այլք:

Նմանատիպ նյութեր