211652_close_icon
views-count3022 դիտում article-date 11:48 12-12-2018

Դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/957874.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում ասաց Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը: Նրա խոսքով` որպես գրավ առաջարկվել էր 5 մլն դրամից սկսած: «Այսօր ժամը 16:00-ին դատարանը քննելու է կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը»,- ասաց Ղազարյանի պաշտպանը: Վաչագան Ղազարյանը առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը: Այնուհետև Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և ուժի մեջ թողել Ղազարյանին կալանավորելու որոշումը: Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության անդամ, Ազգային անվտանգության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել 1 մլրդ ՀՀ դրամ գրավի դիմաց: Հունիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Հունիսի 28-ին դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Ղազարյանը կալանավորվել էր: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:

Նմանատիպ նյութեր